Ապրիլի 7-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.55-ին, Կենդանաբանական այգու մոտից պատվիրատուն փախցրել է տաքսի ծառայության սպասարկող «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի և Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված ավտոմեքենան կանգնեցվել է Հյուսիսային պողոտայում և ժամը 23.00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկել 1995 թ. ծնված Հովհաննես Խ.-ն (09.11.2018թ. համաներումով ազատ արձակված), որը տվել է խոստովանական բացատրություն: Հովհաննես Խ.-ն, նախապատրաստված նյութերի հետ, ուղարկվել Նոր Նորքի բաժին:
Նույն օրը, ժամը 23.25-ին, ԻԻՀ մի քաղաքացուց Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ապրիլի 7-ին, ժամը 20.00-ից 23.59-ն ընկած ժամանակահատվածում, փախուստի դիմած Հովհաննես Խ.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վնասել է Հին Երևանցի փողոցում կայանված իր «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի թափարգելը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: