Զինծառայության հետևանքով առողջական վիճակը վատթարացած անձիք կկարողանան անվճար ու արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալ. նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության 2004 թվականի մարտի նախագիծը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է, որ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև ՀՀ նախարարական պետաիրավական կոմիտեի 22.03.2019թ. N ԿԱ/32-219 նիստի արձանագրության 2-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով:

ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշման պահանջների համաձայն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք սահմանված հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձանց համար, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում: Այսինքն, զինվորական ծառայության ընթացքում խեղում, վնասվածք կամ հիվանդություն ստացած, սակայն հաշմանդամություն ունեցող չճանաչված անձին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար պարտադիր է, որպեսզի զինծառայողը զինվորական ծառայությունից արձակված լինի խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների շրջանակներում նման կարգավիճակ ունեցող զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են վաղաժամկետ՝ մինչև օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության կամ պայմանագրային զինվորական ծառայության շրջանակներում կնքված պայմանագրի ժամկետը լրանալը: Խնդիրը ծագել է այն պատճառով, որ առկա են նաև դեպքեր, երբ զինծառայողը զորացրվում է պարտադիր զինվորական ծառայության կամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով, որից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում պարզվում է, որ նրա առողջական վիճակը վատթարացել է համապատասխան զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության պատճառով: Նշված պատճառական կապը հաստատվում է ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ հաստատված քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության կարգի պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից: Տվյալ պարագայում ստացվում է, որ պարտադիր զինվորական ծառայության կամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակվելուց հետո սահմանված կարգով որոշված՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրները զինվորական ծառայության հետ պատճառական կապի առկայության դեպքում, նշված անձինք, եթե չեն ճանաչվում հաշմանդամություն ունեցող, որևէ ձևով չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից, ինչը հանգեցնում է արդարացի դժգոհությունների:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայությունից արձակված և զինվորական ծառայությամբ հետ պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը:

Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինվորական ծառայությունից արձակված և զինվորական ծառայությամբ հետ պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել