Դավիթ Ղազարյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու օրն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, հետևաբար չի օգտվել վերը նշված իրավունքից. ՊԵԿ

2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում  անդրադառնալ առանձին կետերով.

  1. Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում:

ՊԵԿ քննչական վարչությունում «Սպայկա» ՍՊ և այլ ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 04.09.2018թ-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն քրեական գործի վարույթը չի կարճվել և նախաքննությունը շարունակվում է: Ավելին, քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրանքի դրվագների հետ չառնչվող այլ դրվագի մասով:

  1. Մեղադրանքի առաջադրման հիմքում միայն փորձագիտական եզրակացությունն է դրվել:

Տեղեկացնում ենք, որ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:

  1. Փորձագիտական եզրակացությանը չծանոթացնելու մասով:

Քրեական գործով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը և փորձագետի եզրակացությանը Դավիթ Վենգերի Ղազարյանին նախօրոք չի ծանոթացվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում, իսկ քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը: Նկատենք, սակայն, որ Դավիթ Վենգերի Ղազարյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու օրն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, հետևաբար չի օգտվել վերը նշված իրավունքից, վերջինս քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել միայն 04.04.2019թ-ին  և նույն օրը ծանոթացել է և դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, և փորձագետի եզրակացությանը: Այժմ էլ զրկված չէ փաստարկներ ներկայացնելու և միջնորդություններով հանդես գալու հնարավորությունից:

  1. Պետությանը պատճառված 7 036 666 312 ՀՀ դրամ վնասից մոտ 5 միլիարդ ԱԱՀ մասով հաշվարկը հիմնավոր չէ, հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի կարգավորումը (պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը):

Հարկ է նշել, որ ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման հետագայում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարք կատարելիս (ինչպիսին հանդիսանում է արտահանումը):

Սակայն, տվյալ գործարքների իրականացման ժամանակահատվածում՝ 01.01.2015թ-ից մինչև 11.01.2016թ-ը գործող օրենսդրության համաձայն, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտ էր ապրանքների ներմուծման ժամանակ հարկային մարմին ներկայացնել՝

ա) ներմուծման հարկային հայտարարագրերը,

բ) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը,

և ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկի գումարները:

Նշված պայմանները ապահովվելուց հետո ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու և հետագայում նշված գումարները վերադարձնելու նպատակով անհրաժեշտ էր հարկային մարմնին ներկայացնել՝

ա) արտահանման հարկային հայտարարագրերը,

բ) նեմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած (տվյալ դեպքում ԵՏՄ անդամ հանդիսացող պետության հարկ վճարողի) հայտարարությունը,

Հետևապես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումը և վերադարձը հնարավոր է միայն վերը նշված պայմանների ապահովման դեպքում:

  1. ՊԵԿ-ը երևի մոռացել է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ազատված է շահութահարկից:

Հարկ է պարզաբանել, որ իրավահարաբերության պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36-րդ և ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված արտոնությունը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներին: Հետևաբար, գյուղատնտեսական և այլ ապրանքներ ներմուծողների և դրանք հետագայում արտահանողների վրա նշված արտոնությունը չի տարածվում:

  1. Փորձագետի եզրակացությունը տրվել է սեղմ ժամկետներում:

Սա կարող է պայմանավորված լինել հաշվարկի պարզությամբ և դրա հիմքում ընկած բազմածավալ փաստաթղթերի առկայությամբ:

  1. Իրենք շատ լավ գիտեն, թե «որ սենյակում ով է նստած եղել»:

Նշվածը, ըստ էության կարելի է մեկնաբանել որպես հանցագործության մասին տեղեկություններ, որոնց տիրապետում է դրանք հնչեցրած անձը և կոչ ենք անում անպայման դրանք ներկայացնել քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ, ՊԵԿ քննչական վարչության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ավելորդ չենք համարում շեշտել, որ քննիչի կողմից Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար ներկայացված միջնորդության հիմք չի հանդիսանում  «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Վենգերի Ղազարյանի կողմից տույժերով հանդերձ հաշվարկված 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելը, այլ միջնորդության հիմք են հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու մասին պարտադիր պահանջները, որոնց առկայության մասով ապացույցները ներկայացվել են դատարանին:

Միաժամանակ, կոչ ենք անում ընկերության մոտ առկա խնդիրները չշահարկել և դրանով չփորձել քրեական գործի քննության վրա ազդեցություն ունենալ, մանավանդ, որ ՊԵԿ քննչական վարչությունը կամ որևէ այլ ստորաբաժանում չունի մեղավարություն ստեղծված իրավիճակի համար:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել