Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաշատ համայնքի ղեկավարը՝ ծնված 1961թ., ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում յուրացրել է սերմացուի և ազոտական պարարտանյութի, ինչպես նաև նշված ծրագրերի շրջանակներում Մրգաշատ համայնքի բնակիչներից՝ սերմացուի և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարի որոշ մասը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 2.988.000 ՀՀ դրամ վնաս։

Մասնավորապես, Մրգաշատ համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ծրագրի իրականացման շրջանակներում 2013-2016թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից Արմավիրի մարզպետարանի միջոցով ստացել է Մրգաշատ համայնքին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու:

Համայնքի հողօգտագործողների համար նախատեսված սերմացուի մի մասը հափշտակելու դիտավորությամբ՝ համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, նշված ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում սերմացու ստացած անձանց ցուցակ, որում ընդգրկել է սերմացու ձեռք բերելու համար չցուցակագրված և սերմացու չգնած անձանց տվյալները, նշված ցուցակը ներկայացնելով Արմավիրի մարզպետարան՝ յուրացրել է չցուցակագրված և սերմացու չգնած անձանց անվամբ ձևակերպված սերմացուն: Այնուհետև Մրգաշատ համայնքի ղեկավարը նշված ծրագրի շրջանակներում համայնքի բնակիչների կողմից վճարված գումարները չի փոխանցել ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվին՝ յուրացնելով դրանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, ցորենի սերմացուի և պարարտանյութի, ինչպես նաև դրանց դիմաց վճարված գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու նպատակով, կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքներ՝ վերը նշված ծրագրի շրջանակներում Մրգաշատ համայնքում ցորենի սերմացուի և պարարտանյութի դիմաց պարտք ունեցող անձանց վերաբերյալ, որոնց հիման վրա՝ ՀՀ կառավարության 07.12.2017թ N 1585-Ն որոշմամբ, նշված ծրագրի շրջանակներում  դադարեցվել են ցորենի սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները՝ պետության շահերին պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 2.988.000 ՀՀ դրամ վնասը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել