Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին (ծնված` 1992 թվականի դեկտեմբերի 19-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9) ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Հիմանվորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ձյուդոյի ազգային հավաքական թիմի անդամ, 2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի № 1297-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։ Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը նախապատրաստվելու է և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: