Տտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը իր մոտորանավակը կփոխանցի ԱԻՆ-ին

Տտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում 2007 թվականի հունվարի 1-ին հաշվառված, 1996թ արտադրության, USIA72GWH596 մակնիշի մոտորանավակը (սկզբնական արժեքը՝ 12,875,000 ՀՀ դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 8,325,000 ՀՀ դրամ) օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և այն ամրացնել արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Հիմնավորման մեջ նախարարությունը նշում է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության  հաշվեկշռում գտնվող մոտորանավակը նախատեսված է եղել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար, սակայն ջրային տրանսպորտի ոչ մեծ քանակության  պատճառով  մոտորանավակով վերահսկողական գործառույթների արդյունքում մինչ օրս խախտումներ չեն հայտնաբերվել և վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել:

Մոտորանավակի պահպանման և շահագործման համար տարեկան ծախսվել է 2.800.000 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել էր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարություն նշված մոտորանավակը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը տրամադրելու խնդրանքով՝ Սևանա լճում ջրափրկարարական աշխատանքներ իրականացնելու  համար:

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից տարվա բոլոր եղանակներին իրականացվում է շուրջօրյա ծառայություն: Հայաստանի Հանրապետությունում այն միակ մասնագիտացված ստորաբաժանումն է, որի գործունեությունը ծանրաբեռնվում է հատկապես ամռան ամիսներին: Այդ ժամանակաշրջանում ուժեղացված հերթապահություն է իրականացվում Սևանի թերակղզու հանգստյան գոտու տարածքում, Լճափ համայնքի ափամերձ հատվածում և Ծովինար համայնքի տարածքում, ինչպես նաև՝ երեք հանրային լողափերում: Միաժամանակ անհրաժեշտության դեպքում ջրափրկարարներն արձագանքում են նաև ՀՀ մյուս մարզերի ջրային տարածքներում տեղի ունեցած պատահարներին:

2016-2018 թվականների ընթացքում հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից Սևանա լճի տարածքում արձագանքվել է 95 ջրափրկարարական դեպքի, որի ընթացքում փրկվել է 67 մարդու կյանք, ջրասուզակների կողմից ջրից դուրս է բերվել 26 դի: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Սևանա լճի տարածքում տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպված միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման նպատակով 153 օր իրականացվել է հերթապահություն:

Ելնելով այն հանգամանքից, որ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատը հանդիսանում է տարածքում միակ մասնագիտացված ստորաբաժանումը և  ջրափրկարարները Սևանա լճում իրականացնում են ամենօրյա փրկարարական աշխատանքներ, ուստի մոտորանավակի տրամադրումը Փրկարար ծառայությանը կնպաստի Սևանա լճի ջրային տարածքում տեղի ունեցած տարբեր դեպքերի օպերատիվ արձագանքմանը և փրկարարական աշխատանքների առավել  արդյունավետ իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել