Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Պատգամավորը առաջարկում է օրենքը լրացնել 4․1 կետով և ամեն տարի ապրիլի 16-ին նշել հայ կինոյի օրը։
Կառավարությունը սակայն նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների և մասնագիտական նշանակալի օրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ և պատճառաբանություններ, արդեն իսկ կա կինոյի միջազգային օրը (դեկտեմբերի 28): Կարծում ենք որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում:
Հիմնավորման մեջ նշված է, որ նկատի ունենալով հայկական կինոյի շուրջ հարյուրամյա պատմության եւ հայկական հարուստ կինոժառանգության կարեւորությունը, հայկական կինոն դիտարկելով որպես ազգային մշակութային հարստության կարեւորագույն մաս, մեծ նշանակություն տալով մշակույթի այդ բաղադրիչով ժամանակակից աշխարհին ներկայանալու, Հայ կինոմշակույթը հանրայնացնելու խնդրին, ինչպես նաեւ` հայ կինոգործիչների մեծ ներդրումը հայ մշակույթում արժեւորելու, երիտասարդ սերնդի կապվածությունը կինոարվեստի հետ խթանելու, կինոարվեստը հանրայնացնելու, կինոարվեստին մեծ մասսայականություն հաղորդելու նպատակով առաջարկում եմ ապրիլի 16-ը հռչակել որպես հայ կինոյի օր: Առաջարկվող օրենքի նախագծով ապրիլի 16-ը որպես հայ կինոյի օր նշելու օրն ընտրված է այն հիմնավորմամբ, որ 1923 թվականի ապրիլի 16-ին է հիմնվել «Պետկինոն»։ «Պետկինոն» է եղել առաջին հայկական կինոկառույցը, որի ջանքերով ստեղծվել են հայկական կինոժառանգության առաջին պատմական նմուշները ՝ Համո Բեկնազարյանի «Նամուս», «Զարե», «Խասփուշ», «Շորն ու Շորշորը» եւ այլ համր ֆիլմերը, որոնք այսօր համաշխարհային կինոժառանգության մաս են: 1923 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ստեղծված Պետկինոյում է ծնվել նաեւ առաջին հայկական հնչուն կինոն՝ Համո Բեկնազարյանի «Պեպոն» եւ այլն: Միայն 1966 թվականին է Պետկինոն վերանվանվել «Հայֆիլմ» կինոստուդիայի: Արդեն տարիներ շարունակ ապրիլի 16-ը հայկական կինոյում ընդունված է համարել հայ կինոյի օր, եւ ես առաջարկում եմ այն ամրագրել օրենքով:
Հայաստանի Ազգային Կինոակադեմիան հենց ապրիլի 16-ին է անցկացնում հայ կինոյի միակ ՝ «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որը նույնպես մեծ խթան է հայ կինոյի հանրայնացման գործում: Հայկական կինոկազմակերպություններն ապրիլի 16-ին են իրականացնում տարբեր միջոցառումներ՝ որոնք ուղղված են հայկական կինոյի հանրայնացմանը:
Նշենք նաեւ, որ օրենքի նախագծի ընդունմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայկական մի շարք կինոկազմակերպություններ՝Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը, Ազգային կինոակադեմիան, Ազգային կինոկենտրոնը, կինոլրագրողների եւ կինոքննադատների ասոցիացիան, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Երիտասարդների կինոալիքը»: