Ես, իմ նախաձեռնությամբ, դիմեցի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. Հայկ Գրիգորյանը՝ քննիչների համար ուղեցույցի պատրաստման մասին

Այսօր՝ ապրիլի 3-ին, Քննչական կոմիտեում ներկայացվեց Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի,  խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ ուղեցույցը:

Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումները, Հայաստանի  Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր ըստ էության որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը և կալանքի տակ պահելու ժամկետին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորեց ուղեցույցի կազմումը ու նշեց, որ իր հրավերով է Գևորգ Կոստանյանը մասնակցել դրա ստեղծմանը:

«Ես, իմ նախաձեռնությամբ, դիմեցի նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին, որը ունի հարուստ փորձ և նշված տարիներին առնչվել ու կարգավորել է  քննարկվող խնդիրները: Աջակցել է մեզ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՄԻԵԴ-ում ներկայացվելիք ուղեցույցի մշակման գործընթացին»,-նշեց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը նաև մի քանի թվային ցուցանիշ ներկայացրեց.

2017 թվական

  • ձերբակալվել է 775 անձ,
  • ձերբակալության օրինաչափությունը բողոքարկվել է 27 դեպքում,
  • ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ 7 դեպքում:

2018 թվական

  • ձերբակալվել է 724 անձ,
  • ձերբակալության օրինաչափությունը բողոքարկվել է 38 դեպքում,
  • ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ 22 դեպքում:

2019 թվական (հունվար, փետրվար)

  • ձերբակալվել է 152 անձ,
  • ձերբակալության օրինաչափությունը բողոքարկվել է 21 դեպքում,
  • ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ 18 դեպքում:

«Ինչպես տեսնում ենք, նվազել են ձերբակալումների քանակական ցուցանիշները»,-նշեց Հայկ Գրիգորյանը:

Գևորգ Կոստանյանը, խոսելով ուղեցույցի անհրաժեշտության մասին նշեց, որ երկրում սոցիալական արդարության ամրապնդման հիմնական ձևը քրեական արդարադատության երաշխիքների պատշաճ պահպանումն է:

«Իսկ բոլորիդ համար գաղտնիք չէ, որ քրեական արդարադատության մեջ առավել կարևորը անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի երաշխավորումն է: Հենց դրա համար մենք կենտրոնացանք անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի վրա, այսինքն, ձերբակալման և կալանավորման օրինաչափության հարցերին: Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը պարզ սահմանում է կարգերը, սակայն ոչ ոքի համար գաղնիք չէ, որ ՔԴՕ-ի ամեն նորմ ՄԻԵԴ-ի կողմից բազմահատոր մեկնաբանման է ենթարկվել»,-նշեց Գևորգ Կոստանյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ ուղեցույցը կարող է օգտակար լինել նաև փաստաբանների համար:

«Ցավոք, փաստաբանները հաճախ են այս դրույթները պետական մարմիններին հիշեցնելու առիթ ունենում: Կարծում եմ կհամաձայնվեք, որ հանրության համար կարևոր է ոչ թե որակով օրենքը, այլ նաև օրենքի ճիշտ կիրառումը: Ամենալավ օրենքը վատ կիրառողի ձեռքում դառնալու է չարիք նույն հանրության համար»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութերում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել