Այսօր՝ ապրիլի 3-ին, Քննչական կոմիտեում ներկայացվում է Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ ուղեցույցը:
Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր ըստ էության որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը և կալանքի տակ պահելու ժամկետին:
Ուղեցույցում ներառված են 2 գլուխներ.
1-ին գլուխը վերաբերում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող մի շարք որոշումների.
Նշված գլխում առանձին բաժիններով խմբավորվել են.
- Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գործերի սեղմագրերը.
- «ողջամիտ կասկած» կամ «հիմնավոր կասկած» հասկացության վերաբերյալ գործերի սեղմագրերը.
- նախնական կալանքի ,
- օրինականության սկզբունքի , և անչափահասներին կալանքի վերցնելու վերաբերյալ գործերի սեղմագրերը.
Ընդհանուր առմամբ՝ 1-ին գլխում ներառված են 37 գործեր, որոնցից 9-ը Հայաստանի Հանրապետության, իսկ 29-ն այլ պետությունների վերաբերյալ:
2-րդ գլուխում ներկայացված են քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2007-2017 թվականների ընթացքում արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների սեղմագրերը:
2-րդ գլխում առանձին բաժիններով խմբավորվել են՝
- Կալանավորման հիմքերի և հիմնավոր կասկածի,
- Իրավասու մարմինների կողմից դրսևորվող «պատշաճ ջանասիրության» ,
- Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման մեջ անձի մեղավորության հարցի քննարկումը բացառելու վերաբերյալ գործերի սեղմագրերը.
- Նախաքննական մարմնի կողմից գործը դատարան ուղարկելիս անձի կալանքի հարցի լուծման (կալանքի տակ պահելու հիմքերը վերացած լինելու դեպքում ազատ արձակելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ),
- Կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունների,
- Իր դեմ ցուցմունք չտալու մեղադրյալի իրավունքի բովանդակության,
- Անազատության մեջ գտնվող և դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրող դատապարտյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցի վերաբերյալ գործերի սեղմագրերը.
- Համաներման ակտի` որպես քրեական վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայության և կալանավորումը որպես խափանման միջոց վերահաստատելու (ընտրելու) հնարավոր կիրառելիության ,
- Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցի (դեռևս չկատարված քննչական գործողությունների բնույթ, դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորություն)
- Կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս՝ մեղադրյալի հետախուզման մեջ գտնվելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չգտնվելու հանգամանքի, գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս անձին վերագրվող արարքի բնույթին և հանրային վտանգավորության աստիճանին անդրադառնալու, ինչպես նաև գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու դրույթների վերաբերյալ գործերի սեղմագրերը,
և
- Կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքների երևան գալու հիմքով, վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով առաջին ատյանի դատարան դիմելու, այլ ոչ թե վերաքննիչ բողոք ներկայացնելու,
- Կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը մեղադրյալի ներկայության ապահովման ,
- Կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս՝ մեղադրյալի հետախուզման մեջ գտնվելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չգտնվելու հանգամանքի վերաբերյալ գործերի սեղմագրերը:
Հավելենք, որ 2-րդ գլխում ընդհանուր ներկայացված են 35 գործեր: