Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել 2018 թվականի հաշվետվությունը, որում անդրադարձ կա նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հաշվետվության մեջ նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:
Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ Նախագահը բարձրացրել է քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:
Վերացվել է նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը:
Պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց համացանցի հասանելիության համակարգիչ: Մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից մասնակի վերացվել է: Արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի: