ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի 3-րդ տարելիցի կապակցությամբ

Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում:

Ուժի կիրառումն ուղեկցվեց թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սարսափելի վայրագություններով: Դրանք նույնությամբ կրկնում էին 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված կոտորածները և էթնիկ զտումները:

Այս անգամ խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված առավել լայնածավալ բռնությունների անմիջական սպառնալիքը կանխվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Հայ զինվորականներն ու կամավորականներն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ ապրելու և արարելու պայքարի զոհասեղանին:

Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ցանկացած արդյունավետ բանակցությունների բովանդակության անփոխարինելի տարրերն են` ուղղված Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը:

Ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիվ պահպանումը, ռիսկերի նվազեցման և վստահության ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանություն ունեն խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործում:

Ապրիլյան ագրեսիայի պատճառով հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել