Առողջապահության նախարարությունը նոր որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով նախատեսվում է սահմանել
- Դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը,
- Դեղատոմսերի ձևերը,
- Դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ տպագրված բոլոր ձևաթղթերի վրա կարող են դեղեր դուրս գրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ պահպանելով սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի մեկից՝ բացառությամբ հսկվող դեղերի և դեղանյութերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
ԿԱՐԳ
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են դեղատոմսերի դուրս գրման, դեղատոմսային ձևաթղթերի տպագրության, բաշխման, հաշվառման, դեղատոմսային (դեղատնից դեղատոմսով բաց թողնման ենթակա) դեղերը բաց թողնելու, դեղատոմսերը դեղատանը հաշվառելու և պահելու հետ կապված հարաբերությունները:
- «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի առաջին մասի համաձայն դեղատոմսեր գրվում են Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսային գրանցված դեղերի համար, բացառությամբ՝ Օրենքով սահմանված դեպքերի:
- Դեղատոմսը կարող է գրվել էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով:
- Էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրումը, համարակալումը, հաշվառումը, ինչպես նաև դրանց համապատասխան դեղերի բաց թողնումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հաստատված ուղեցույցի համաձայն:
- Էլեկտրոնային առողջապահության համակարգը պետք է ապահովի դեղը ըստ համընդհանուր անվանման ընտրելու հնարավորություն՝ բացառելով որևէ դեղի գովազդը:
- Դեղատոմսը թղթային տարբերակով դուրս է գրվում միայն այն դեպքում, երբ Էլեկտրոնային համակարգը հասանելի չէ: Էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում թղթային տարբերակը տպագրվում է էլեկտրոնային համակարգից և տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ պահանջի դեպքում:
- ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ
- Դեղատոմսը գրվում է դեղատոմսեր գրելու իրավասություն ունեցող բժշկի կողմից բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձանց՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում:
- Դեղատոմսը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
- պացիենտի անունը, ազգանունը,բնակության վայրը (լրիվ).
- պացիենտի ծննդյան տարեթիվը կամ տարիքը, ընդ որում, մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով.
- զեղչի չափը` ըստ անհրաժեշտության.
- դեղի բաց թողումների թիվը (մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ)՝ ըստ անհրաժեշտության.
- նշանակվող դեղի վերաբերյալ տվյալները՝ դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բաղադրակազմը և պատրաստման ու բաց թողնման ցուցումները (դեղատանը պատրաստվող դեղերի համար), նշանակվող դեղի միանվագ կիրառման չափաբաժինը, կիրառման եղանակը, ժամանակը (ըստ անհրաժեշտության նշելով կապը սննդի ընդունման և օրվա ժամերի հետ), հաճախականությունը և տևողությունը (оրերով).
- դեղատոմսը գրելու ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.
- բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը.
- բժշկի ստորագրությունը:
- Էլեկտրոնային դեղատոմսը, բացի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալները, պետք է պարունակի նաև.
- ախտորոշման ծածկագիրը՝ հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն.
- դեղի անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը՝ ըստ գրանցամատյանի.
- պացիենտի նույնականացման քարտի համարը, ծննդյան ամսաթիվը, սեռը.
- բժշկի մասնագիտացումը և էլեկտրոնային հասցեն.
- արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ (այսուհետ՝ փոխհատուցվող) դեղերի տրամադրումը հիմնավորող փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը՝ համակարգին կցելով համապատասխան փաստաթուղթը:
- Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են սույն որոշման հավելված 2-ով հաստատված թղթային դեղատոմսերի ձևաթղթերի հետևյալ ձևերը.
- N 1 դեղատոմսային ձև` թմրամիջոց պարունակող դեղերի համար.
- N 2 դեղատոմսային ձև` հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի համար.
- N 3 դեղատոմսային ձև՝ փոխհատուցվող դեղերի համար.
- N 4 դեղատոմսային ձև՝ դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բաց թողնման համար.
- N 5 դեղատոմսային ձև՝ անասնաբուժական դեղերի համար:
- Դեղատոմսային ձևաթղթի վրա լրացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետի առաջին մասում սահմանված տվյալները կամ դրվում է այդ տվյալները պարունակող դրոշմակնիք:
- Դեղատոմսը լրացնում է անձամբ բժիշկը հայերեն լեզվով, իսկ դեղի բաղադրակազմին, դեղաչափին, դեղաձևին և դեղատանը դեղի պատրաստմանն ու բաց թողնմանը վերաբերող մասում կարող են օգտագործվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ՝ սույն կարգի 36-րդ կետով թույլատրված լատիներեն կրճատումներով:
- Չի թույլատրվում կիրառել կամայական կրճատումներ և սահմանափակվել «Հայտնի է», «Ներքին», «Արտաքին» և այլ ընդհանուր ցուցումներով:
- Թղթային դեղատոմսերը գրվում են ընթեռնելի ձեռագրով, գրիչով` առանց ուղղումների կամ կարող են տպագրվել՝ պահպանելով սույն կարգով սահմանված պահանջները:
- Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը լրացնելու փոխարեն թղթային դեղատոմսերի համար կարող է օգտագործվել բժշկի տվյալները պարունակող դրոշմակնիք:
- Յուրաքանչյուր դեղատոմսային ձևաթղթի վրա դուրս է գրվում մեկ դեղ:
- Դեղատոմսում անհրաժեշտ է՝
- կիրառել միայն արաբական թվեր՝ թվից հետո նշելով չափման միավորը (օրինակ՝ 30 մգ),
- ընդունման հաճախականությունը նկարագրել բառերով (օրինակ՝ օրը երկու անգամ),
- բաց թողնման ընդհանուր քանակը նշել ըստ դեղաձևի միավորների (օրինակ՝ 90 դեղահատ, 5 սրվակ),
- հսկվող դեղի քանակը միաժամանակ նշել թվերով և տառերով (օրինակ՝ 20 (քսան) դեղահատ),
- պատրաստվող դեղերի դեղագրություններում հսկվող դեղանյութերի անվանումները գրել սկզբում:
- Չի թույլատրվում դեղատոմսեր գրել բացառապես հիվանդանոցային պայմաններում կիրառվող հետևյալ դեղերի՝ կետամինի, ֆենտանիլի, թիոպենտալի, նատրիումի օքսիբուտիրատի, ալֆենտանիլի, սուֆենտանիլի և ռեմիֆենտանիլի ներարկման դեղաձևերի, ինչպես նաև բուպրենորֆինի ներքին ընդունման դեղաձևերի համար:
- Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին դեղերը տրամադրվում են բժշկական փաստաթղթում բժշկի կողմից կատարված նշանակման հիման վրա:
- Թույլատրվում է մեկ դեղատոմսում գրել թմրամիջոցներ պարունակող դեղ 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար: Այն դեպքում, երբ մինչև 10-օրյա ժամկետի ավարտը պացիենտի առողջական վիճակից կախված անհրաժեշտ է կատարել դեղաչափի կամ դեղի փոփոխություն, դուրս է գրվում նոր դեղատոմս:
- Բացի թմրամիջոցներ պարունակող դեղերից մնացած հսկվող դեղերը մեկ դեղատոմսում թույլատրվում է դուրս գրել մեկ ամսվա համար անհրաժեշտ քանակով: Միայն էպիլեպսիայի դեպքում կարելի է նշանակել ֆենոբարբիտալ և կլոնազեպամ երկու ամսվա բուժման կուրսի համար: Մնացած բոլոր դեղերի քանակը մեկ դեղատոմսում չպետք է գերազանցի բուժման մեկ կուրսը, իսկ քրոնիկական հիվանդությունների դեպքում առավելագույնը վեց ամսվա բուժման համար անհրաժեշտ քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսային ձևաթղթի վրա կամ երկուսից երեք ձևաթղթերի վրա՝ յուրաքանչյուրը առավելագույնը երկու ամսվա կուրսով:
- Փոխհատուցվող դեղերի դեղատոմսեր կարող են դուրս գրվել միայն համապատասխան իրավասություն ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկի կողմից ՀՀ օրենսդրությամբ փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին: Թմրամիջոց պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 1 դեղատոմսային ձևի վրա, հոգեմետ նյութ պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևի վրա:
- Փոխհատուցվող դեղեր դուրս գրելիս կատարվում է նշում զեղչի չափի մասին դեղատոմսի համապատասխան հատվածներում (100%, 50%, 30%):
- Բազմակի բաց թողնման անհրաժեշտության դեպքում N4 և N5 դեղատոմսային ձևաթղթի համապատասխան հատվածներում կատարվում է նշում բաց թողնման դեպքերի թվի մասին (երկու անգամ կամ երեք անգամ) և (կամ) դեղատոմսը դուրս է գրվում երկու կամ երեք օրինակից՝ ստորագրելով բոլոր օրինակները:
- Բազմակի բաց թողնման ենթակա չեն հսկվող դեղերը և դեղանյութերը, համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը, իմունաբանական և ռադիոակտիվ դեղերը, ինչպես նաև փոխհատուցվող դեղերը:
- Չի թույլատրվում դեղատանը պատրաստվող դեղերի դեղագրություններում դուրս գրել հետևյալ դեղանյութերը.
- համակարգային ազդեցությամբ հակաբակտերիային, հակամիկոբակտերիային և ուրոլոգիայում կիրառվող հակավարակային դեղանյութեր.
- անաբոլիկներ և սեռական հորմոններ.
- համակարգային ազդեցությամբ գլյուկոկորտիկոիդներ:
- Դեղատոմսերում դեղերը գրվում են համընդհանուր անվանումներով՝ «Դեղերի մասին» օրենքի 25 հոդվածի 10-րդ մասին համապատասխան: Դեղի առևտրային անվանումով դեղատոմս դուրս գրելը հնարավոր է միայն բժշկի պատճառաբանված հիմնավորման դեպքում: Թղթային դեղատոմսի դեպքում հիմնավորումը նշվում է դեղատոմսի դարձերեսին, իսկ էլեկտրոնային դեղատոմսի դեպքում այդ նպատակի համար առանձնացված դաշտում:
- Դեղատոմսային ձևաթղթի վրա գրված դեղի վերաբերյալ տվյալները նույնությամբ գրանցվում են բժշկական փաստաթղթերում, որոնք պահպանվում են բժշկական օգնության և սպասարկման իրականացման վայրում: Փաստաթղթերում անհրաժեշտ է նշել նաև պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին դեղատոմսը տրամադրելու, փոխհատուցման կամ բազմակի բաց թողնման մասին, ինչպես նաև ներառել դեղը առևտրային անվանումով բաց թողնելու հիմնավորումը:
- Դեղատոմսային ձևաթղթի վրա թույլատրվում է լրացնել, տեղադրել կամ նշել միայն սույն կարգով սահմանված տեղեկությունները:
- Թղթային դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Թմրամիջոց պարունակող դեղի դեղատոմսը ստորագրությամբ հաստատվում է նաև բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տնօրենի տեղակալի կողմից: Մի քանի օրինակից դուրս գրվող դեղատոմսերի առաջին օրինակի և պատճեն(ներ)ի վրա պետք է առկա լինի բժշկի բնօրինակ ստորագրությունը:
- Դեղատոմս գրող բժիշկը հաշվառում է N 1 և N 2 ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերը ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը պետք է համարակալվեն, կարվեն և հաստատվեն ղեկավարի ստորագրությամբ: Մատյանում նշվում են դուրս գրման ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը, բժշկական փաստաթղթի համարը, զեղչի չափը (տոկոսով), դեղատոմսի բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը:
- Մատյանները պահպանվում են վերջին գրանցումը կատարելուց հետո 5 տարի ժամկետով:
- Դեղատոմսերը ուժի մեջ են.
- Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղի դեղատոմսը՝ 10 օր
- փոխհատուցվող դեղի դեղատոմսը՝ 30 oր.
- միանվագ բաց թողնման դեղի դեղատոմսը՝ 30 օր.
- բազմակի բաց թողնման դեղի դեղատոմսը՝ 180 օր:
- Դեղատոմսը տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ տեղեկացնելով դեղատանը դեղը համարժեք դեղով փոխարինելու հնարավորության մասին և կամ հիմնավորելով տվյալ առևտրային անվանումով դեղը ընդունելու հանգամանքը:
- Թղթային դեղատոմսը կորցնելու դեպքում դուրս է գրվում նոր դեղատոմս՝ այդ մասին նշում կատարելով բժշկական փաստաթղթում:
- Դեղատոմսը գրելու ժամանակ թույլատրվում է կիրառել հետևյալ լատիներեն կրճատումները.
Մանրամասները՝ այստեղ