Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրրի շրջանակներում իրականացվող «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ծրագիրն այսօր՝ մարտի 29-ին, քննարկվեց ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը ներկա էին ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, «Վիննեթ» Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ծրագրի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը և նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Կարեն Զադոյանը նշեց, որ թեպետ ծրագրի իրականացման հետ կապված նախարարության հետ համագործակցությունը վաղուց է հաստատվել, սակայն այն կարիք ունի ավելի խորացնելու: «Հանրային հարաբերություններ կարգավորող յուրաքանչյուր իրավական ակտի գլխավոր հասցեատերը քաղաքացին է և իր սպասումներն ու ակնկալիքները: Իմ կարծիքով պարզեցված բյուջեի հիմնական իմաստը նա է, որ քաղհասարակությունը կարողանա որոշակիորեն մասնակցել գործընթացներին և արտահայտի իր սպասումները դրանում՝ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով»,-նշեց նա:
Փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ ողջունելով մասնակիցներին, նշեց, որ նախարարության և ծրագիրն իրականացնողների միջև շահերի համընկնում կա:
«Մեր շահերի համընկնումը հանարավորություն է տալու օգտագործել այն ռեսուրսը, որը դուք ունեք, որպեսզի կարողանանք այդ կապերը ի ցույց դնել կամ բացահայտել:
Մենք ունենք այն, ինչ որ ունենք. դա կոչվում է՝ պարզեցված բյուջե: Հիմա պետք է հասկանանք, այդ պարզեցված բյուջեի շահառուները մեծամասամբ ովքե՞ր են: Փորձենք, դա օգտագործողների շրջանակում հարցում անցկացնել և հասկանալ, թե ինչ ֆորմատով է առավել հարմար ստանալը՝ պետական մարմիններից ստացված հայտերն ու ինֆորմացիան»,-նշեց նա փոխնախարարը:
«Բյուջե բոլորի համար» ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը: Նա նշեց, որ տարիների փորձը ցույց է տալիս, որ օնլայն հարթակներում հանրային քննարկումների անցկացումն արդյունավետ չէ:
«Մասնավորապես, Գորիս համայնքում մենք ինքներս մասնակցել են 5-ամյա զարգացման պլանների մշակման գործընթացին և այն գործընթացները, որտեղ իրականում եղել են արդյունավետ քննարկումներ և մասնկացություն, տվել են իրենց արդյունքները, իսկ այն հարթակները, որոնք առցանց են եղել, ակտիվ մասնակցություն չի եղել»,-նշեց նա:
Ռուզաննա Տոռոզյանը ներկայացրեց նաև իրենց կողմից մշակված առաջարկությունները:
Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: