Կաշառք վերցնելու կասկածանքով դատավոր է ձերբակալվել

ArmLur.am-ի տեղեկություններով մարտի 27-ի ուշ երեկոյան կաշառք վերցնելու կասկածանքով դատավոր է ձերբակալվել։ Տեղեկությունների համաձայն ձերբակալված դատավորը Գագիկ Հեբոյանն է, ով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր է։

Իրավաբան.netի հետ զրույցում նրա աշխատակազմից հայտնեցին, որ տեղեկությունը չեն կարող հաստատել: Չնշեցին նաև, արդյո՞ք այսօր Գագիկ Հեբոյանն աշխատանքի ներկայացել է, թե՝ ոչ:

Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը:

Գագիկ Հեբոյանը ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1987 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Պետական արբիտրաժում։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Հայքիմմեքենա ԳԱՄ-ում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել