Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «2019 թվականի մարտի 26-ին, էլեկտրոնային լրատվամիջոցները (www.168.am, www.yelaket.am, www.lragir.am, http://top-news.am, https://lurer.com, www.news.am, www.operativ.am, www.armdaily.am, www.tert.am,) «Ժամանակ» թերթին հղում կատարելով տարածել են «…հարյուրավոր և հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիալապես անապահով և ստացել են նպաստ…» բովանդակությամբ տեղեկատվություն՝ գործառույթը վերագրելով ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ և Ծառայության աշխատակիցներին:
Ծառայությունը չի կարող անտարբեր լինել իր գործառույթները ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ, պատկան մարմինների պաշտոնատար անձանցից ՉՃՇՏԱԾ «հնչեղ» տեղեկատվություն տարածելուն և կրկին դիմում է իրենց գործին տիրապետող ԶԼՄ գործընկերներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Ծառայության շահառուներին և տեղեկացնում է.
Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժիններին ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթները չեն ներառում Հայաստանի Հանրապետությունում անձանց սոցիալապես անապահով հաշվառելը, ընտանեկան նպաստ նշանակելը և վճարելը:
Հարգելի ԶԼՄ գործընկերներ,
հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության գործունեության առանձնահատկությունը, Ծառայությունը հորդորում է ավելի զգոն լինել հասարակության առավել խոցելի, զգայուն խմբի նկատմամբ՝ սոցիալական ռիսկ կրող անձանց վերաբերող տեղեկատվություն տարածել համապատասխան պաշտոնատար անձանց հետ դրանց առանձնահատկությունները ճշտելուց հետո:
Ծառայությունն ակնկալում է, որ վերոնշյալ հոդվածի մանրամասն տարբերակի հրապարակման մեջ սույն պարզաբանումը ևս տեղ կգտնի»,-նշել է ծառայությունը իր տարածած հաղոդագրության մեջ: