Նոր նախագիծ՝ ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակելու, ավագ և գլխավոր խմբերի պաշտոնների ընթացակարգի վերաբերյալ

Ոստիկանության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ոստիկանության միջին խմբի պաշտոններում ծառայության նշանակելու կարգը հստակեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշմամբ հաստատված` ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 1-ին և 2-րդ կետերից:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքների ընդունմամբ, ինչպես նաև պարեկային ոստիկանության մոդելի ներդրմամբ: Միաժամանակ, նախագծով կարգավորվում են պրակտիկայում առաջ եկած որոշ խնդիրներ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակումներ կատարելու հստակ առաջնահերթություն, որի շնորհիվ թափուր պաշտոնների համալրումը կիրականացվի նախ` ներքին մարդկային ռեսուրսների, ապա` նոր ընդունելության հաշվին, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու կադրային քաղաքականությունը, առավել նպատակային և արդյունավետ օգտագործելու ոստիկանության կադրերի ռեզերվը:

Ոստիկանությունում առաջին անգամ ծառայության անցնող անձանց ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելու համար օրենքով սահմանված փորձաշրջանի գնահատման կարգը նախագծով հստակեցվում է: Նախատեսվում է մրցույթի անցկացում, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները ոստիկանության ուսումնական հաստատությունում կանցնեն մասնագիտական պատրաստում, որն էլ իր հերթին հաջողությամբ ավարտելու դեպքում կնշանակվեն համապատասխան պաշտոնի՝ եռամսյա փորձաշրջանով:

Գործող օրենքով նախատեսված՝ ներկայումս փորձաշրջանի մաս համարվող վերապատրաստումը այսուհետ կիրականացվի մասնագիտական պատրաստման ձևով, որի արդյունքները կամփոփվեն թեստավորմամբ՝ ձեռք բերված տեսական գիտելիքները, գործնական և մարտավարական հմտությունները ստուգելու նպատակով: Նախագծով մասնագիտական պատրաստման վերջում նախատեսվող թեստավորումն առավել օբյեկտիվ գնահատման հնարավորություն կտա, որի հիման վրա միայն կկատարվի պաշտոնի նշանակումը: Միաժամանակ, մրցույթի յուրաքանչյուր մասնակից նախապես է որոշելու եռամսյա մասնագիտական պատրաստման իր նախընտրած ուղղությունը (հետաքննական, պարեկային, վարչական (կառավարչական), համայնքային ոստիկանության և ընտանիքում բռնության կանխարգելման), որը փոփոխման ենթակա չէ:

Նոր ընդունելությանը վերաբերող ընթացակարգերի վերանայումը միտված է նաև պարեկային նոր ծառայության ներդրման գործընթացի կանոնակարգմանը, որի արդյունքում հնարավորինս կբացառվի սուբյեկտիվ մոտեցումը, և հնարավոր կլինի մրցույթի արդյունքների հիման վրա որոշել թեկնածուներին այս կամ այն պաշտոնում (ըստ կոնկրետ ծառայությունների, ուղղությունների) նշանակելու հնարավորությունն ու նպատակահարմարությունը, ինչպես նաև ապահովել նրանց նպատակային ուսուցումն ու վերապատրաստումը:

Գործող օրենքով ոստիկանության ժամանակավոր թափուր հաստիքներ առաջանալու դեպքում (օր.` ժամանակավոր անաշխատունակություն, երեխային խնամելու արձակուրդ և այլն) դրանք համալրելու նպատակով հնարավորություն է ընձեռված տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելու ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին: Հաշվի առնելով, որ ոստիկանությունում ծառայության անցնող անձինք պաշտոնի նշանակվելուց հետո օրենքով սահմանված կարգով պետք է անցնեն վեցամսյա փորձաշրջան, այդ թվում` ուսումնական հաստատությունում վերապատրաստում, բացի այդ, վերջիններիս ծառայության ընդունելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, ուստի ժամանակավոր թափուր պաշտոններում այդ անձանց նշանակումը իրատեսական չէ և չի համապատասխանում նշված պաշտոնների համալրման տրամաբանությանը:

Նախագծով ամրագրվում է ոստիկանության ավագ և գլխավոր պաշտոնների համալրման նոր կարգ, որը ևս միտված է կադրային քաղաքականության կատարելագործմանը և հաստիքների օպերատիվ համալրմանը: Ներկայումս օրենքի 14.1-ին հոդվածով նախատեսված` ավագ և գլխավոր պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթն ըստ էության ներքին մրցույթ է, որին մասնակցում են ոստիկանության ծառայողները: Երկշաբաթյա ժամկետում արտամրցութային կարգով նշանակում չկատարելու դեպքում հայտարարվում է մրցույթ, որի չկայանալու պարագայում պետք է հայտարարվի նորը, և այդպես շարունակ: Հաշվի առնելով, որ մրցույթի նախապատրաստումն ու անցկացումն ինքնին պահանջում է բավական ժամանակ, իսկ նոր մրցույթ հայտարարելու դեպքում ոստիկանության ավագ և գլխավոր խմբի թափուր պաշտոններն էլ ավելի տևական ժամանակ չեն կարող համալրվել, ինչը միանշանակ կարող է խաթարել ոստիկանության ստորաբաժանումների բնականոն գործունեությունը (մասնավորապես օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պարագայում), ուստի նախագծով ամրագրվել է այլ մոտեցում: Նշված պաշտոնների համալրումը կիրականացվի ոստիկանության ծառայողների առաջխաղացման վերաբերյալ ոստիկանության պետին ներկայացվող միջնորդությունների հիման վրա, որոնք ներկայացնելու են ստորաբաժանումների ղեկավարները՝ նախապես համաձայնեցնելով ստորաբաժանման գործունեությունը համակարգող ոստիկանության պետի տեղակալի հետ:

Նախագծով հստակեցվում են ոստիկանությունում ծառայությունից ազատելու հիմքերը, մասնավորապես` օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը տարանջատվում է երկու մասի, մեկը` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, մյուսը` անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, քանի որ գործնականում դրանք տարբեր հետևանքներ են առաջացնում ծառայողի համար այն առումով, որ կենսաթոշակի անցած ծառայողն ըստ էության չի ընդհատում իրավական կապը ոստիկանության հետ:

Նախագծով վերանայվել են նաև ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների տարիքային սահմանափակումները` հիմք ընդունելով մյուս ուժային կառույցներում ծառայության համար սահմանված առավելագույն տարիքային շեմերը: Բացի այդ, գործող օրենքի համաձայն գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար նախատեսված առավելագույն տարիքը 60 տարեկանն է, մինչդեռ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներինը 62 է: Նշված անհամապատասխանությունը ևս շտկվում է:

Նախագծում կատարվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնելու օրենքում առկա բացերը, ինչպես նաև համապատասխանեցնելու գործող օրենսդրության պահանջներին:

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակելու ընթացակարգը, նրանց մասնագիտական պատրաստման և արդյունքների ամփոփման գործընթացը, որի հետևանքով ոստիկանության միջին խմբի պաշտոնների համալրումը կդառնա առավել արդյունավետ և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, կկանոնակարգվի ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոնների համալրման գործընթացը, ինչպես նաև կլրացվեն օրենքում առկա բացերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել