Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում. ոստիկանություն

Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։

Արդյունքում՝ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24․372 մետր հաղորդալար։

Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։

Քննությունը շարունակվում է։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել