Նոր տոնական օր օրացույցում. կնշվի քաղաքացու օրը

Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս մասին կառավարությունը որոշում ընդունեց այսօր՝ մարտի 21-ին:

«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը գործադիրի անդամներին ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց այն մասին՝ հնարավոր չէ, որ լինի այնպես, երբ ապրիլի 24-ը համընկնի ամսվա վերջին շաբաթ օրվա հետ, ինչին ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այդ դեպքում ևս օրը կտեղափոխվի կիրակի:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել