Այսօր՝ մարտի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացման ծրագրի» (ՀԲԿ)շրջանակներում թեմատիկ քննարկումներ տեղի ունեցավ կառավարության և փոքր ու միջին ձեռնարկատիորթյան ոլորտի բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԲԿ Գագիկ Պողոսյանը՝ նշելով, որ հանդիպումն այս ձևաչափում առաջինն է: «Մեր հանդիպումների նպատակն է, որպեսզի մենք որպես կոալիցիա ստեղծենք այն քննարկումների հարթակը, որտեղ կարող ենք տարբեր հարցեր, թեմաներ բարձրացնել, քննարկել և ինչ-որ ընդհանուր դիրքորոշումների ու եզրահանգումների գալ: Կարծում եմ, որ հետագա միջոցառումների ժամանակ մենք արդեն կսովորենք միասին, որպես կազմակերպությունների խումբ, որպես կոալցիա հանդես գալ, որը նպատակ է դրել իր առջև՝ մասնակցել մեր երկրում մասնավոր հատվածի զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացմանն ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը»,-նշեց նա:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ միջոցառման ավարտին պետք է դուրս բերել մի քանի կետեր, ինչը ցույց կտա, թե ինչպես պետք է առաջ գնալ որպես կոալիցիա: «Վերջերս հաստատվեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից այսուհետ գործող ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատակարգը: Այժմ տրված է բաց հայտարարորություն, որ մինչև ամսի 22-ը, այն կազմակերպությունները և կոալիցիաները, որոնք բավարարում են աշխատակարգով ներկայացրած չափորոշիչներին, հայտեր ներկայացնեն և նրանց թեկնածությունը կքննարվեն հանձնաժողովում, որպեսզի նրանք դառնանա աշխատանքային խմբի անդամ: Բայց ի սկզբանե աշխատանքային խմբի հիմնադիր անդամ է դարձել մեր Հայկական բիզնես կոալիցիան, որը որպես երկխոսության հարթակի առաջին քայլ համարում եմ հաջողված«-նշեց նա՝ հավելելով, որ օրակարգային հարցերի վերաբերյալ առաջին կետերը կհանվեն հենց այսօրվա միջոցառման արդյունքնում:
«Գործարարության աջակցման գրասենյակի» տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացրեց ՀՀ կառավարության հետ ՓՄՁ ոլորտի բարելավման ջատագովության աշխատանքների կազմակերպման հնարավորություններն ու առանձնահատկությունները:
«Պետական-մասնավոր երկխոսությունը քաղաքականության մշակման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որը յուրաքանչյուր կառավարություն պետք է ներդնի և կիրառի իր պրակտիկայում, որպեսզի ունենա մասնակցողական և արդյունավետ մշակված քաղաքականություն: Կա մի փորձ, որ այն բարեփոխումները, որոնք իրականացվել են երկխոսությունների հիմքով և մասնավոր հատվածի սեփականության զգացողությունը կա, դրանք միշտ հավանության են արժանանում: Հակառակ դեպքում միշտ քննադատելու տեղ ու բացեր կան, որոնք մասնավոր հատվածը մատնանշում է»,-նշում է Պողոսյանը:
Էլինար Վարդանյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր է, իսկ այժմ «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ նախագահն է, ներկայացրեց Ազգային ժողովի հետ ՓՄՁ ոլորտի բարելավման ջատագովության աշխատանքների կազմակերպման հնարավորություններն ու առանձնահատկությունները:
«Եթե պետք է աշխատել Ազգային ժողովի հետ, պետք է երկու բան նկատի ունենալ, նախ, երբ արդեն կա որևէ նախագիծ և երկրորդը, որ արդեն ունենք առաջարկ և այդ առաջարկը պետք է շրջանառության մեջ դնել ոչ թե կառավարության, այլ ԱԺ-ի մջոցով: Երբ ես պատգամավոր էի, նախագծերը ներկայացնում էր կառավարությունը և պատգամավորներին շատ հաճախ մեղադրում էին նրանում, որ անգործության են մատնված և չեն ներկայացնում օրենսդրական նախաձեռնություններ: Այս գործիքից կարելի է կառչել և պատգամավորին օգտագործել, որպեսզի այն առաջարկը, որը պատկերացնում եք, որ կարող է դառնալ օրենք՝ պատգամավորի միջով, նախագծի տեսքով հասցնել Ազգային ժողով»,-մանրամասնեց Էլինար Վարդանյանը:
Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: