Համայնքի բյուջեից դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6.040.000 դրամ աշխատավարձի գումարները յուրացվել են. ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մասնավորապես, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` 2007 թվականի հունվարից 2017 թվականի հոկտեմբեր, ընկերոջը աշխատանքի է հրամանագրել համայնքապետարանում որպես վարորդ, որն աշխատանքի չի հաճախել: Արդյունքում՝ նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8.300.000 դրամը յուրացվել է:

Բացի այդ, Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012 թվականի փետրվարին համայնքապետարանում համատեղության կարգով որպես ջրագծի հսկիչ աշխատանքի է հրամանագրել եղբորը, որը 2012 թվականի փետրվարից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և չի կատարել իր գործառութային պարտականությունները, ինչի արդյունքում համայնքի բյուջեից դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6.040.000 դրամ աշխատավարձի գումարները յուրացվել են:

Արդյունքում՝ Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007-ից 2017 թվականներին յուրացման եղանակով համայնքի բյուջեից հափշտակել է առանձանպես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 14.340.000 դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ /Յուրացնելը կամ վատնելը/ և 314-րդ / Պաշտոնեական կեղծիքը/ հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել