Մարտի 15-ին, տեղի ունեցավ Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ֆինանսավորված «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կողմից կազմակերպված քննարկումը՝ «Կարմիր գծերը վճարովի կայանատեղիներ են, թե…» թեմայով:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի նախագահ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ քննարկմանը հրավիրված են եղել նաև քաղաքապետարանի և մյուս պետական պատկան մարմինների ներկայացուցիչները, ովքեր պասիվություն են դրսևորել: «Կարմիր գծերի թեման դեռևս նախորդ իշխանության ժամանակ մեծ արձագանք ուներ, ընդվզումներ կային, բողոք կար, բայց իշխանությունը փովեց և մտածեցինք, որ այդ թեման կլուծվի հօգուտ քաղաքացիների, բայց չի լուծվել՝ ընդհակառակը, կարմիր գծերը մնալու են: Մենք որոշեցինք քննարկումների շարքում ներառել այս թեման՝ մտածելով, որ հետաքրքրվողները շատ են: Անասկանալի է, թե ինչու՞ է այսօր քաղաքապետարանը բացակա, ով տնօրենինում է այդ խնդիրները: Մենք մեկ շաբաթից ավել է, որ տեղեկացրել ենք այս քննարկման մասին, լավ կլիներ, որ ներկայանային ու պատասխանեին այն հարցերին, որոնց մասին կբարձրաձայնենք»,- նշեց նա:
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց վճարովի կայանատեղիների կիրարկման կարգավորումների օրինականության հարցերը: Նա նշեց, որ հարցը շատ հրատապ է, որի մասին ոչ միայն սոցիալական հարթակներում են քննարկումներ լինում, այլ անգամ քաղաքական կուսակցություններն էին իրենց նախընտրական ծրագրերում նշում, որ պետք է պայքարեն այս ամենի դեմ: «Ցավալիորեն ներկա չեն, դա բնորոշում է, որ իշխանության տարբեր թևերը, թե՛ խորհրդարանի, թե՛ կառավարության, թե՛ նախարարություններիներկայացուցիչներն ինչպես են վերաբերում կառուցողական երկխոսության հանձնառությանը, որի պայմանագիրը կնքվել է Եվրամիության հետ: Ցավալի է, բայց փաստը դա է»,-նշեց նա:
Մովսես Արիստակեսյանը նշեց, որ քաղաքապետարանին ուղարկված գրության պատասխանում նշվել է, որ Երևանում այժմ գործում է մոտ 6600 ավտոկայանատեղի: 2018 թվականի ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու փաստով կազմվել է 67.615 արձանագրություն, իսկ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ-ի կողմից հարուցվել է շուրջ 22 455 գործ:
Նրա խոսքով, սխալ է նաև այն, որ քաղաքապետարանը կարմիր գծանշումներով առանձնացված հատվածները համարել է ավտոկայանատեղի, քանի որ դրանք ճանապարհի երթևեկելի մասի հատված են ու մինչև գժանշվել են, այնտեղ կարելի էր կայանել մեքենան:
«2019 թվականի ընթացքում դատարանի որոշումով 1400 արձանագրություն անվավեր է ճանաչվել, իսկ 4400 որոշում բեկանվել է՝ դիմում-բողոքների հիման վրա: Այսինքն, արձանագրությունների մոտ 10 տոկոսը չեղյալ են համարվում: Սա նշանակում է, որ եթե քաղաքացին լինի իր իրավունքները պաշտպանող, քայլ անի ու գնա վարչական բողոք ներկայացնի՝ խնդիրն անմիջապես լուծվելու է: Այսինքն, սա ապօրինի է, դրա համար էլ բոլոր բողոքները բավարարվում են՝ թե՛ դատական կարգով, թե՛ վարչական վարույթով»,-նշեց Մովսես Արիստակեսյանը:
Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին. «Մի վճարեք ապօրինի պարտադիր վճարը: Դա ապօրինի է»,-նշեց նա:
Վճարովի կայանատեղիների կիրարկման վարչարարության հարցերը ներկայացրեց «Քաղաքացի, հարկատու-բիզնես իրավապաշտպան» ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանը: Նա նշեց, որ կարմիր գծերը պետք է վերացվեն: «Մենք բոլորս հիշում ենք, թե որն է եղել վճարովի ավտոկանայատեղիների ներդրման նպատակը: Դա արվել է Երևան քաղաքի, մասնավորապես Կենտրոնի բեռնաթափման համար: 2013 թվականից կիրառելու պայմաններում լուծե՞լ է այդ խնդիրը, կարծում եմ բոլորս համաձայն կլինենք, որ վճարովի ավտոկայանատեղին չի լուծել այս խնդիրը: Այս խնդիրը տրամաբանորեն ավելի ծանր է և մեքենաների քանակի հետ կապված ավելի է ծանրանալու»,-նշեց նա:
Էդուարդ Բադալյանի խոսքով, նախկինում կառավարությունն անկեղծ չի եղել քաղաքացիների հետ և այս կամ այն կարգավորումը տալու համար հայտարարել է մի նպատակ, սակայն լրիվ այլ նպատակներ է իրականում ունեցե: Այս դեպքում էլ գործ ունենք նմանատիպ իրավիճակի հետ:
Վերջում հավելենք, որ քննարկման արդյունքում առաջարկությունների փաթեթ կմշակվի, որն էլ առաջիկայում կներկայացվի քաղաքապետարան: