Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացվեց: Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը:
Նշենք, որ նիստը նախագահում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը:
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դրվագով դատարանը կաշկանդվել է խափանման միջոց կալանավորման վերաբերյալ մինչ այս պահն առկա 4 այլ դատական ակտերով:
Դատարանն ըստ էության նշել է, որ Վերաքննիչ դատարանի երկու որոշում կա որոնք թեև բողոքարկվել են Վճռաբեկ դատարան, սակայն ուժի մեջ մտած դատական ակտեր են և այդ հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը՝ միաժամանակ բացառելով թաքնվելու հնարավորությունը:
Կալանքի տակ մնալու միակ հիմքն ըստ էության այն է, որ այժմ գործի նյութերին ծանոթանալու փուլն է: Դատարանը ռիսկային է գնահատել քրեական գործի վրա ազդելու հավանականությունը:
Ինչ վերաբերում է կաշառքի դրվագին, ապա փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ դատարանը գտել է, որ այս դրվագով չկա հիմնավոր կասկած:
Նշենք նաև, որ առաջին ատյանի դատարանի այս որոշումը պաշտպանական խումբը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: