ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Այդ շրջանակներում խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ Արարատի մարզի դատախազությունում՝ քննարկելու նշված հանցատեսակի դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, պլանավորելու համատեղ իրականացվելիք կոնկրետ գործողությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի փոխմարզպետը, խոշոր քաղաքային, ինչպես նաև գյուղական համայնքների ղեկավարները, ոստիկանության և քննչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները:
Արձանագրվել է, որ մարզի տարածքում բնակարանային գողությունների դեպքերն աճել են 44,4 տոկոսով: Ընդ որում՝ զգալիորեն նվազել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը. եթե 2017թ. չի բացահայտվել այդ տարի կատարված բնակարանային գողության 63 դեպքից 34-ը, այսինքն՝ 54 տոկոսը, ապա 2018թ՝ 91 դեպքից 61-ը կամ 67 տոկոսը: Ընդ որում՝ մարզում բնակարանային գողությունների բացահայտման անկման միտումը դրսևորվում է վեջին 5 տարիներին շարունակ:
Մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն անընդունելի է համարել իրավիճակի հետագա հանդուրժումը: Նա նշել է, որ այս հանցագործությունների բացահայտման ցածր մակարդակն ինքնին հանդիսանում է բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից:
Մարզում բնակարանային գողությունների բոլոր դեպքերում հանցագործության համար նպաստավոր պայմաններ են հանդիսացել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում ճաղավանդակների բացակայությունը, բարձր հարկերում մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի լուսավորության, տեսախցիկների բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը: Մարզի դատախազը նշել է, որ բնակարանային գողության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու հիմնական միջոցը այդ պայմանները չեզոքացնելն է: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է հրատապ կարգով քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների և լուսավորության բացակայության ծավալները, այնուհետ և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության վերոնշյալ տեխնիկական միջոցներով կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար:
Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրումն իրականացնելուց հետո, ըստ գողությունների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել նշված ծրագրերն իրագործելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու հարցը: Առանձին համայնքների ղեկավարներ նշել են, որ բյուջեներով արդեն իսկ նախատեսված են միջոցներ՝ բնակավայրերի մուտքերը տեսանկարահանող սարքերով վերազինելու համար: Արարատի փոխմարզպետ Ա. Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում հարցը կքննարկվի նաև մարզխորհրդի ընդլայնված նիստում՝ հորդորելու համայնքների ղեկավարներին՝ հետևողական լինել նախանշված խնդիրների լուծման հարցում:
Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ մարզի դատախազությունը, հետևողականություն է դրսևորելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու ինչպես փաստացի կատարված, այնպես էլ, ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին:
Մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչությանը հանձնարարել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների (բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն), ֆիզիկական անձանց կողմից շահագործվող տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև բնակավայրերի՝ գողերի կողմից առավել թիրախավորված հատվածներում ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը:
Մարզի դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է հետևողականություն դրսևորել համայնքների կողմից ժամանակին տեղեկատվության տրամադարման հարցում, մասնակցել աշխատանքների իրականացման ընթացքում համայնքներում կազմակերպվելիք քննարկումններին, անհրաժեշտության դեպքում շրջայցերի միջոցով տեղերում ծանոթանալ կատարված աշխատանքներին: