Հաստատվել է ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության միջև պարտապանի վերաբերյալ տվյալների փոխանակման կարգն ու պայմանները

Արդարադատության նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից 2011 թվականի սեպտեմբերին համատեղ հրաման է ստորագրվել ՊԵԿ-ի կողմից արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին:

Հրամանի մեջ փոփոխություններ են կատարվել, որն ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 11-ին:

Նշենք, որ հավելվածը հաստատված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 802-Ն հրամանով:

Այսպիսով, ՊԵԿ-ի և արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման կարգով և պայմանները հաստատելու մասին կարգով կանոնակարգվում է ՊԵԿ-ի (այսուհետ` Հարկային մարմին) կողմից ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ` Ծառայություն) պարտապանի գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործընթացը:

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄԱՆԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ստորև նշված հասկացությունները սույն Հրամանում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ`

  1. Հարկ վճարող` հարկային օրենսդրության համաձայն չկատարված հարկային պարտավորություն ունեցող անձ.
  2. ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող.
  3. Հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին.
  4. Ծառայություն` դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմին.
  5. էլեկտրոնային հաղորդագրություն` ձևավորված էլեկտրոնային հաղորդագրություն, որն ապահովում է սույն կարգով սահմանված հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը.
  6. Հաղորդագրություն` տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր: Սույն կարգով սահմանված գործառույթների հետ կապված փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները`

ա. Թիվ 1 հաղորդագրություն` Ծառայության կողմից հարցում,

բ. Թիվ 2 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից հարցման պատասխանի տրամադրում,

գ. Թիվ 3 հաղորդագրություն` Ծառայության կողմից տվյալների ստացման հաստատում,

դ. Թիվ 4 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից սխալի մասին հաղորդագրություն

6) էլեկտրոնային համակարգ` կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն, որն ապահովում է Հարկային մարմնի և Ծառայության միջև տվյալների փոխանակման գործընթացի իրականացումը:


ԳԼՈՒԽ 2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՐՑՈՒՄ

2. Ծառայությունը Հարկային մարմնին ուղարկում է թիվ 1 հաղորդագրություն:

3. Այն դեպքում, երբ Ծառայության կողմից ուղարկված թիվ 1 հաղորդագրության մեջ կան թերություններ, Հարկային մարմինը մերժում է այդ հաղորդագրությունը (թիվ 4 հաղորդագրություն):

Ընդ որում, յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման (ուղարկման) պահ է համարվում` այդ հաղորդագրության ընդունման (ուղարկման) մասին համակարգում ձևավորված էլեկտրոնային գրառումը կատարելու ամսաթիվը, ժամը (ժամը/րոպեն), որի վերաբերյալ կարող է ձևավորվել ներքին հաղորդագրություն:

ԳԼՈՒԽ 3. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

4. Ծառայության և Հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանցումը կատարվում է առցանց ռեժիմով` ՎԵԲ ծառայության միջոցով:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

5. Ծառայության կողմից ուղարկվող թիվ 1 հաղորդագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

I) Իրավաբանական անձի դեպքում

  • Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
  • Ժամանակահատված

2) Ֆիզիկական անձի դեպքում

  • Հանրային ծառայության համարանիշներ (ՀԾՀ), կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար
  • Ժամանակահատված

6. Հարկային մարմնի կողմից Ծառայությանը տրամադրվող թիվ 2 հաղորդագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Իրավաբանական անձի դեպքում

  • Հարկ վճարողի կարգավիճակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):
  • Հարկ վճարողի կազմակերպաիրավական տեսակը (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):
  • Գործունեության ոլորտ/ներ` դասիչ և դասիչի նկարագրություն (նշված ժամանակաշրջանում հանձնված հաշվարկով ներկայացված տվյալներ կամ նախնական գրանցման ընթացքում լրացված տվյալներ, տեսակարար կշիռ):
  • Հարկման ռեժիմ (ավելացված արժեքի հարկով հարկվող, շրջանառության հարկով հարկվող, ընտանեկան ձեռնարկություն):
  • Տնօրենի վերաբերյալ տվյալներ (տվյալները վերցվում է գրանցման հայտից` անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):
  • Հաշվապահի վերաբերյալ տվյալներ (տվյալները վերցվում է գրանցման հայտից` անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):
  • Գործունեության հասցե/ներ առկայության դեպքում (ըստ ՀԴՄ-ների, ըստ հասցե օբյեկտների, ըստ հաշվարկային փաստաթղթերի, հակառակ դեպքում գրանցման ընթացքում նշված գործունեության):
  • Ընկերության բանկային հաշվեհամարները:
  • ՀԴՄ/ներ (նշված ժամանակաշրջանում «գործող» «կասեցված», «ժամանակավորապես չգործող», «նորոգման մեջ», «ընթացիկ», «գործողությունից հանելու ընթացքում», «ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում», «խափանված» կարգավիճակ ունեցող ՀԴՄՆ-ներ, գրանցման համարներ):
  • ՀԴՄ/ների ֆիսկալ հասույթները:
  • ՀԴՄ/ների կարգավիճակի ամսաթվերը:
  • Դրամարկղային գրքեր (առկայության դեպքում):
  • Հասույթի գրքեր (առկայության դեպքում):
  • Առաքման գրքեր (առկայության դեպքում):
  • Համախառն եկամուտ (նշված ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից հանձնված հաշվարկ/հաշվետվություններում նշված համապատասխան ֆինանսական տվյալներ):
  • Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ (առկայության դեպքում):

2) Ֆիզիկական անձի դեպքում.

2.1) Ֆիզիկական անձ հարկ վճարող.

  • Հարկ վճարողի կարգավիճակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):
  • Հարկ վճարողի կազմակերպաիրավական տեսակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):
  • Գործունեության ոլորտ/ներ` դասիչ և դասիչի նկարագրություն (նշված ժամանակաշրջանում հանձնված հաշվարկով ներկայացված տվյալներ կամ նախնական գրանցման ընթացքում լրացված ոլորտ, տեսակարար կշիռ):
  • Հարկման ռեժիմ (ավելացված արժեքի հարկով հարկվող, շրջանառության հարկով հարկվող, ընտանեկան ձեռնարկություն):
  • Տնօրենի վերաբերյալ տվյալներ առկայության դեպքում (տվյալները վերցվում է գրանցման հայտից` անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):
  • Հաշվապահի վերաբերյալ տվյալներ առկայության դեպքում (տվյալները վերցվում է գրանցման հայտից` անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):
  • Գործունեության հասցե/ներ առկայության դեպքում (ըստ ՀԴՄ-ների, ըստ օբյեկտների, հակառակ դեպքում գրանցման ընթացքում նշված գործունեության հասցե):
  • Ֆիզիկական անձի բանկային հաշվեհամարները:
  • ՀԴՄ/ներ (նշված ժամանակաշրջանում «գործող» «կասեցված», «ժամանակավորապես չգործող», «նորոգման մեջ», «ընթացիկ», «գործողությունից հանելու ընթացքում», «ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում», «խափանված» կարգավիճակ ունեցող ՀԴՄՆ-ներ, գրանցման համարներ):
  • Դրամարկղային գրքեր (առկայության դեպքում):
  • Համախառն եկամուտ (նշված ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից հանձնված հաշվարկ/հաշվետվություններում նշված համապատասխան ֆինանսական տվյալներ):
  • Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ (առկայության դեպքում):

2.2) Վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատող ֆիզիկական անձ.

  • Ֆիզիկական անձի անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):
  • Հարկային գործակալ հանդիսացող հարկ վճարող/ների տվյալներ (ՀՎՀՀ, անվանում, թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):
  • Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի աշխատանքային հարաբերության սկիզբ և ավարտ (առկայության դեպքում):
  • Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի պաշտոնը (առկայության դեպքում):
  • Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի եկամուտները` ըստ հարկային գործակալների և ըստ ամիսների:

7. Հարկային մարմնի կողմից Ծառայությանը տրամադրվող թիվ 4 հաղորդագրությունը պարունակում է սխալների մասին տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել