ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պարբերաբար ստացվող ահազանգերի և լրատվական կայքերում առկա տեղեկատվության համաձայն՝ առևտրի և ծառայությունների ոլորտում (հատկապես՝ ցանցային առևտրի կենտրոններում) աշխատողները հաճախ աշխատում են առողջության համար վնասակար պայմաններում. աշխատում են օրական 12 ժամից ավել տևողությամբ, կանգնած դիրքում՝ առանց հանգստի և սնվելու համար կանոնավոր ընդմիջումների, ամենշաբաթյա անընդմեջ հանգիստի և ամենամյա արձակուրդի, չի ապահովվում աշխատողների արդարացի աշխատանքային պայմանների իրավունքը:
Այս մասին հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից:
Տեսչական մարմինը, որպես աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում անվտանգության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ապահովման նպատակով իրազեկում է, որ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա արձակուրդի իրավունք:
Ընդ որում, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված են աշխատաժամանակի առավելագույն, հանգստի ժամանակի և ամենամյա արձակուրդների նվազագույն տևողությունները, աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակները, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման կանոններն ու նորմերը:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով, արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշներից, ինչպես նաև աշխատողների առողջության վրա աշխատանքային գործընթացի և արտադրական միջավայրի գործոնների ազդեցությունից ելնելով, աշխատանքի պայմանները ստորաբաժանվում են 4 կարգի` օպտիմալ, թույլատրելի, վնասակար և վտանգավոր:
Աշխատանքի պայմանները դասակարգելիս հաշվի են առնվում աշխատանքային միջավայրի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոնները, այդ գործոնների ազդեցության ինտենսիվությունն ու տևողությունը, աշխատանքի ծանրությունը, մտավոր, զգայական, հուզական ծանրաբեռնվածությունը և աշխատանքի ռեժիմը:
Մասնավորապես, օրական 10-12 ժամ ռեժիմով կատարվող աշխատանքը որակվում է որպես աշխատանքի վնասակար պայմաններում կատարվող աշխատանք: Աշխատանքի վնասակար պայմաններում կատարվող աշխատանք է համարվում նաև առանց կանոնակարգված ընդմիջումների, հերթափոխի ժամանակի մինչև 50%-ը կանգնած դիրքում կատարվող աշխատանքը:
Ժամանակակից աշխարհում աշխատողների առողջության վրա ազդող հիմնական գործոններից է նաև աշխատանքային սթրեսը, ինչին ենթարկվում են աշխատողների գրեթե 1/3-րդը: Աշխատանքի հետ կապված սթրեսը բնորոշվում է որպես ֆիզիկական և զգացական ռեակցիա, ինչը աշխատողի մոտ առաջացնում է գլխացավեր, տրամադրության անկում, ճնշվածություն, քնի ռեժիմի խախտում, անտարբերություն, թուլություն և այլն, ինչն էլ իր հերթին նվազեցնում է աշխատանքի արտադրողականությունը և մեծացնում է բազմաթիվ այլ հիվանդություններով հիվանդանալու ռիսկը:
Աշխատանքային սթրեսի առաջացման պատճառներից են աշխատողների գերծանրաբեռնվածությունը, աշխատանքային հարաբերությունների կայունության երաշխիքի բացակայությունը, աշխատողի գնահատված չլինելը, խտրականության տարբեր տեսակների առկայությունը, աշխատանքի պայմանները, վարձատրության և խրախուսման անարդար համակարգի կիրառման առկայությունը, առևտրի և ծառայությունների ոլորտում՝ նաև հաճախորդների դժգոհությունները, գործատուի ոչ իրավաչափ պահանջները, իսկ երբեմն էլ վիրավորանքները և այլն:
Բոլոր դեպքերում, անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունը կրում են բոլոր, այդ թվում՝ առևտրի և ծառայությունների ոլորտի գործատուները: Ուստի, տեսչական մարմինը գործատուներին հորդորում է կատարել աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունները, պահպանել օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի առավելագույն և հանգստի ժամանակի նվազագույն տևողությունները, հնարավորության սահմաններում աշխատավայրում վնասակար գործոնների մակարդակները իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի և աշխատողների համար ապահովել բարենպաստ աշխատանքային պայմաններ, ինչն էլ կնպաստի աշխատողների առողջության պահպանմանը և կնվազեցնի աշխատողների առողջության վրա բացասական ազդեցության ռիսկերը:
Տեղեկացնում ենք նաև, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների իրավունքի, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների իրացումն ապահովելու նպատակով՝ տեսչական մարմինը առևտրի և ծառայությունների ոլորտի գործատուների համար նախատեսում է իրականացնել իրազեկման աշխատանքներ: