Դռնփակ նիստում մերժվեց Սիրիա պատգամավորների խումբ գործուղելու իմ առաջարկությունը. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնում է, որ այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների դռնփակ նիստում մերժվեց Սիրիա պատգամավորների խումբ գործուղելու իր առաջարկությունը։

«Քանի որ նիստը դռնփակ էր, չեմ մանրամասնում առաջարկությունը մերժելու հիմնավորումները։

Պարզապես ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Սիրիա ՀՀ ԱԺ պատգամավորներից բաղկացած խումբ գործուղելու իմ առաջարկության հիմքում ընկած էին մի կողմից՝ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող մեր խմբի անդամների կեցության պայմաններին ծանոթանալու, մյուս կողմից՝ այդ առաքելության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը մեծացնելու նպատակադրումները։

Սիրիա հայկական զորախումբ գործուղելու ողջ գործընթացում Ազգային ժողովը որևէ դերակատարում ու մասնակցություն չի ունեցել։

Այս կարևորագույն հարցի հետ կապված շրջանցվել ու անտեսվել է գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող խորհրդարանը, ինչը կարող էր մասամբ փոխհատուցվել Սիրիա պատգամավորական խումբ գործուղելու նախաձեռնությամբ։

Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականության համար չափազանց կարևոր ու զգայուն այս հարցը՝ խորհրդարանական տարբեր գործիքների (լսումներ, համապատասխան պետական ատյանների ներկայացուցիչների հաշվետվություններ) միջոցով փորձելով փոխհատուցել Ազգային ժողովին այս գործընթացից մեկուսացնելու անթույլատրելի բացթողումը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել