Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։
Զեկույցում նշվում է, որ աշխատանքներ են տարվել հարկային բացի (tax gap), հարկային պոտենցիալի եւ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման, ԱԱՀ-ի եւ այլ հարկային եկամուտների բազայի, հարկային բազայի կառուցվածքային փոփոխությունների` Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վրա ազդեցությունը գնահատելու ուղղությամբ:
Ռիսկը բնութագրող նոր չափանիշների ներառմամբ վերանայվել են ռիսկերի կառավարման եւ ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգի ռիսկային չափանիշները.
2018 թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ իրականացվել է 16,2%-ով ավելի պակաս քանակությամբ համալիր ստուգում, սակայն դրանց արդյունքում արձանագրվել է 32,6 մլրդ լրացուցիչ պարտավորություն, որը նախորդ տարվա նկատմամբ ավել է 87,5%-ով:
Անցկացվել են աշխատանքային 11 հանդիպումներ տարբեր ոլորտներում՝ կաթնամթերքի, մսամթերքի, թռչնամսի, ձվի արտադրության, հանրային սննդի եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտների շահագործման գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ, որոնց ընթացքում կարեւորվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը, գործարքների ամբողջական փաստաթղթավորումը, ՀԴՄ շահագործման կանոնների պահպանումը:
Առանձնապես կարևորվում է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների համատարած կիրառումը: Այն հնարավորություն է տալիս ապահովելու հարկ վճարողի յուրաքանչյուր գործարքի մանրամասն տեղեկատվության իրական ժամանակում հասանելիությունը հարկային մարմնի տեղեկատվական համակարգին, վերլուծական գործիքակազմի կիրառմամբ իրականացնելու թիրախավորված վարչարարություն: Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ հնարավորություն է ընձեռվում առանց լրացուցիչ սարքերի կիրառման վճարումներն ընդունել պլաստիկ քարտերի միջոցով, որը նպաստում է անկանխիկ շրջանառությունների ծավալի մեծացմանը և զգալիորեն նվազեցնում է շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ կիրառելը նաև պարտադիր է փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների համար, ինչպես նաև ՀԴՄ-ների ձեռքբերման առումով առկա խնդիրները, փոքր բիզնեսի համար վերանայվել է ՀԴՄ-ի իրացման գինը` 160,000 դրամի փոխարեն սահմանվել է 60,000 դրամ: Վերոնշյալ հարկ վճարողները կարող են օգտվել նաև 2 տարվա ընթացքում ամսական համամասնությամբ տարաժամկետ վճարումներ կատարելու հնարավորությունից: Սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով: