2018 թվականին փոխհատուցում ստացած ուսանողների թիվը կազմել է մոտ 3300, ուսման վարձավճարի փոխհատուցման գումարը՝ մոտ 700 մլն ՀՀ դրամ․ կառավարություն

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։

Զեկույցում նշվում է, որ 2018 թվականին մեկնարկել է կրթական-մշակութային «Դպրոցական աբոնեմենտային» ծրագիրը, որը բաղկացած է երեք բաղադրիչներից՝ այցելություն պատկերասրահ/թանգարան, համերգասրահ, թատրոն, որի նպատակն է աշակերտներին հաղորդակից դարձնել արվեստին, նոր հիմք ստեղծել արժեքային փոփոխությունների համար: Ըստ այդմ մշակութային հաստատություններին հատկացվող գումարը տարվա կտրվածքով աճել է շուրջ 400 միլիոն դրամով: Մեկնարկել են «Քո արվեստը» դպրոցում, «Դաս Ա» նախագծերը:

2018 թ. հիմնվել է 17 նախակրթարան՝ շուրջ 425 երեխայի ընդգրկմամբ, այդ թվում՝ Վայոց Ձորում՝ 3, Լոռիում՝ 4, Գեղարքունիքում՝ 1, Երևանում՝ 9 նախակրթարան։ Մարզերում շահագործման է հանձնվել վերակառուցված 5 ավագ դպրոց:

Փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում առցանց դասավանդող ուսուցիչներով համալրման նպատակով,  հանրապետության 6 գյուղական դպրոցներում ներդրվել է հեռավար ուսուցման փորձնական ծրագիր։

Ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «ԵՄ-ն քաղաքացիների համար՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագիրը, համաձայն որի վաղ մանկական տարիքի երեխաների կրթության և խնամքի 40 հաստատություն կստեղծվի Հայաստանի գյուղական տարածքներում, որտեղ հնարավոր կլինի ընդգրկել նաև հաշմանդություն ունեցող երեխաներին:

Շարունակվել է աշխատանքը համընդհանուր ներառման անցնելու ուղղությամբ: Հերթական մարզը, որն անցում է կատարել համընդհանուր ներառական համակարգի Արմավիրն է: Աշխատանքներ են տարվել Երևանում և մյուս մարզերում համակարգի ներդրման համար:

Պետական բյուջեով տպագրվել և բաշխվել են հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում գործածության համար անվճար տրվող դասագրքերը: Միաժամանակ, սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանների բոլոր սովորողներն ապահովվել են անվճար դասագրքերով:

Համակարգվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող <<ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը>> և հաստատվել սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի 26 դպրոցների ցանկը։ Ներկայումս շինարարություն է ընթանում թվով 6 դպրոցներում։

Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու մասին կարգի պահանջների`  պետության կողմից իրականացվել է սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով: 2018 թվականին փոխհատուցում ստացած ուսանողների թիվը կազմել է մոտ 3300, ուսման վարձավճարի փոխհատուցման գումարը՝ մոտ 700 մլն ՀՀ դրամ:

ֆինանսավորվել են մի շարք միջազգային գիտական կառույցների կամ համագործակցությունների մասնակցությունը` Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի, Բարձր Էներգիաների Ստերեոսկոպիկ Համակարգ, Եվրոպական միության հետազոտությունների, գիտության և նորարարության «Հորիզոն-2020» ծրագրին անդամակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել