ՀՀ դատախազության կոլեգիայի՝ փետրվարի 27-ին կայացած նիստում դրվել է 2019թ. ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվող գողության դեպքերի դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու խնդիրը: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարածքային դատախազություններին տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, այդ թվում նաև՝ նշված հանցագործության համար ռիսկային գոտիների քարտեզագրման և այդ հատվածներում պարեկային ծառայություներն ուժեղացնելու, մարզպետարանների և համայնքային իշխանության մարմինների հետ համագործակցությամբ անվտանգության տեխնիկական միջոցների կիրառման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Ի կատարումն գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը և Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը մարզպետների՝ համապատասխանաբար Տիգրան Պետրոսյանի և Հունան Պողոսյանի, մարզերի համայնքների ղեկավարների, ինչպես նաև իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություններ: Դրանց ընթացքում քննարկվել են նշված մարզերում արձանագրված բնակարանային գողության դեպքերի ավելացման պատճառները, այդ հանցատեսակի կանխարգելման բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հացրեր:
Ուսումնասիրությունները վկայում են, որ 2018թ. Շիրակի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 91 դեպք, ինչը 20-ով կամ 28.2 տոկոսով ավելի է նախորդող տարվա ցուցանիշի համեմատ: Մտահոգիչ է համարվել հատկապես բնակարանային գողություններով բացահայտման ցուցանիշի անկումը՝ 2017թ. 49.3%-ի փոխարեն 2018 թ.-ին կազմելով՝ 22%:
Իսկ Սյունիքի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 36 դեպք, որոնցից բացահայտվել է 8-ը կամ 22-ը: Մինչդեռ 2017թ.-ին արձանագրվել է 18 դեպք, բացահայտվել՝ 7-ը կամ 38,8: Իսկ բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել են մարզերի խոշոր քաղաքներում:
Խորհրդակցությանը մարզի դատախազները, արձանագրելով բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը՝ կարևորել են բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությամբ համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը:
Ընդգծվել է այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերում՝ մասնավորապես ամառանոցային հատվածներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով զինելու, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:
Շիրակի մարզի դատախազությունում կայացած խորհդրակցության արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ առ այն, որ համայնքների պատասխանատուների և ոստիկանության աշխատակիցների միջև կստեղծվի աշխատանքային հարթակ, որի շրջանակներում առաջիկա օրերին կհստակեցվեն առաջնահերթ տեղադրվելիք տեսախցիկների և կոդավորվող դռների քանակները: Արդյունքներից ելնելով՝ համայնքների ավագանիները կքննարկեն համայնքների բյուջեներից անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը:
Սյունիքի մարզի դատախազի կողմից հրավիրված խորհրդակցությանը համայնքների ղեկավարները նշել են, որ չնայած արդեն իսկ հաստատվել են բյուջեի ծրագրերը և ֆինանսական միջոցները բավարար չեն համայնքների ամբողջ տարածքում անվտանգության համակարգեր տեղադրելու համար, սակայն միջոցներ կձեռնարկեն հնարավորությունների սահմաններում փուլ առ փուլ կարգավորել առկա խնդիրը։ Մարզի դատախազը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում թիրախավորված ռիսկային հատվածներում անվտանգության համակարգերի տեղադրման հարցում առանձնակի հետևողականություն է դրսևորվելու: