Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ։
«Այսօր կանանց միջազգային օրն է։
Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության մասին։
Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչև Սիլվա Կապուտիկյան։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչած առաջին պետություններից էր, խորհրդարանում ուներ կին պատգամավորներ։ Առաջին հանրապետությանն էր պատկանում նաև նորագույն ժամանակաշրջանի առաջին կին դիվանագետն ունենալու պատիվը՝ ի դեմս Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Աբգարի (նկարում)։
Մինչդեռ մեր հասարակության մեջ ցայսօր երբեմն տեղ ունեն կանանց իրավունքների և ազատությունների ստորադասումը, ոտնահարումը և անգամ կանանց նկատմամբ բռնությունը՝ երևույթներ, որոնք պայմանավորված են դարեր շարունակ օտար կրոնների և մշակույթների ազդեցությամբ և պատմականորեն ու քաղաքակրթական առումով բացարձակապես խորթ են հայկականությանը, հայկական միջավայրին։
Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն ստեղծագործել, արարել և իրենց ծանրակշիռ ավանդն ունենալ հասարակության և պետության ամրացման գործում։
Սիրելի կանայք,
Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ»,-նշել է նա։