2018թ.-ին պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների ունեցած շուրջ 470 միլիոն դրամի պարտավորություն է կատարվել. ԳԴ

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հարցադրումներով, 2018թ. աշխատանքի ծրագրի շրջանակներում երեք հիմնական ուղղություններով ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, վերջինիս համակարգում գործող մարմինների և կազմակերպությունների հարուցած կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ոլորտներում:

1. Մասնավորապես ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ ընթացքում ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրքի վճարման գործընթացը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ընդերքօգտագործող թվով 60 տնտեսվարող սուբյեկտներ պետական տուրքի վճարման գծով ունեցել են ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից  37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, իսկ  3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել է՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով պարտավորություններ:

Ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը սահմանված կարգով չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից, չնայած՝ համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի և ընդերքօգտագործման պայմանագրերի՝ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը: Մի շարք դեպքերում վիճելի են եղել տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարման ենթակա ընտրված պետական տուրքի չափերը:

2. ՈՒսումնասիրվել է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումների իրականացնելու գործընթացը, որի արդյունքում պարզվել է, որ 2012-2017 թվականներին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է ՀՀ մարզերի համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն  86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածում պարտավոր էին համայնքներում կատարել ընդհանուր առմամբ շուրջ 280,5 միլիոն դրամի ներդրում (հաշվարկում չի ներառվել բնեղեն եղանակով իրականացվող ներդրումները):

3. ՈՒսումնասիրվել է նաև ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Պարզվել է, որ ռեկուլտիվացիոն վճարների գծով 2018թ. հունիսի դրությամբ  308 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն դրամի չափով պարտավորություն:

Նշված բոլոր երեք ուղղություններով ընդերքօգտագործողների կողմից պետության առջև ունեցած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ մարզերի դատախազություններին ուղղված շրջաբերականի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ուղարկված հաղորդման հիման վրա բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:

Դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործողների կողմից չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար:

Իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պետական տուրքի գծով վերականգնվել է շուրջ 93.5 միլիոն ՀՀ դրամ, ռեկուլտիվացիոն վճարների գծով՝ շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ, մշտադիտարկումների մասով՝ 3 միլիոն դրամ, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն դրամի ներդրումներ:

Բացի այդ, գրավոր զգուշացումներում նշված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու հիմքով օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 35 ընկերությունների նկատմամբ ներկայացվել են միջնորդագրեր ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու վերաբերյալ։ 10-ը ոչ մետաղական  ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են, 21 ընկերությունների մասով գործընթացը ընթացքի մեջ է (այդ թվում՝ 4 մետաղական), իսկ  4 ընկերությունների վարչական վարույթը կարճվել է՝ գրավոր զգուշացման հիմքերը վերացնելու հանգամանքով:

Այսինքն ընդհանուր առմամբ պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են ավելի քան 470 միլիոնը, իսկ մնացած մասի կատարման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել