Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել ԱԱԾ-ից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություն է ստացվել Ազգային անվտանգության ծառայությունից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ «Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ տնօրենը, 2017-18 թվականներին, ձևական աշխատանքի է ընդունել իր որդուն ու նույն համայնքի բնակիչ ևս յոթ հոգու, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ընդհանուր երեք միլիոն 600 հազար դրամը յուրացվել է:

Առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել