ԼԳԲՏ ազատազրկված անձանց պահման պայմանները՝ քրեակատարողական հիմնարկներում. դիտորդական խումբ

Խումբը դեռևս 2018 թվականին ամփոփել էր վերջին տարիներին ԼԳԲՏ անձանց նկատմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում առկա խտրական վերաբերմունքի արձանագրված դրսևորումները: Ստորև ներկայացվում են Խմբի կողմից նախորդ տարիներին տարբեր այցերի ընթացքում արձանագրված և գրություններում բարձրացված խնդիրները հիմնավորող պահման պայմանները:

Այս մասին հայտնում է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ԼԳԲՏ ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը հակասում է Ջյոկարտյան 9–րդ սկզբունքին, որի համաձայն՝ պետությունները հնարավորինս ապահովում են բոլոր դատապարտյալների մասնակցությունն իրենց պահման մասին որոշումների կայացմանը, որը կհամապատասխանի իրենց սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանը, ապահովում են պաշտպանության միջոցներ բոլոր դատապարտյալների համար, ովքեր կարող են խոցելի լինել բռնության կամ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության շարժառիթով, ինչպես նաև ողջամիտ սահմաններում ապահովում են, որպեսզի այդ պաշտպանության միջոցները չուղեկցվեն ավելի շատ սահմանափակումներով, քան դրանք սովորաբար կիրառվում են այլ ազատազրկվածների նկատմամբ:

Մինչդեռ քրեակատարողական հիմնարկներում չի գործում խտրականությունը բացառող ընդհանուր ներքին քաղաքականություն, բացակայում է հոմոֆոբիայի դրսևորումների դեմ (ինչպես աշխատակիցների, այնպես էլ բանտարկյալների շրջանում) պայքարելու քաղաքականությունը, բացակայում է ազատությունից զրկված անձանց սեռական կողմնորոշման և սեռական ինքնության գաղտնիության պահպանման քաղաքականությունը։ Բացի այդ, ինչպես ցույց են տալիս դիտարկումները, մեկուսացվում են ոչ թե բռնարարները, այլ զոհերը` նրանց անվտանգությունն երաշխավորելու հիմնավորմամբ։

Ի հավելումն հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չունի խտրականությունից ազատ լինելու իրավունքի պաշտպանության օրենսդրաիրավական կարգավորումներ, ինչպես նաև ատելության շարժառիթով կատարված իրավախախտումների համար պատժի ու պատասխանատվության արդյունավետ մեխանիզմներ, ինչն անհնարին է դարձնում խտրականության դրսևորումների պատշաճ իրավական որակումը և այդպիսի գործերի արդյունավետ քննությունը։

Մանրամասները՝ այստեղ

Լուսանկարները՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել