Մեր աննշան մեղքը անգամ հետևանքներ է ունենալու. Արթուր Դավթյանի հորդորը՝ դատախազներին

ՀՀ դատախազության կոլեգիայի՝ փետրվարի 27-ին կայացած նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքման անհրաժեշտությանը: Հայտնելով այս կապակցությամբ ավելի վաղ իր կողմից տրված կոնկրետ հանձնարարությունների մասին՝ գլխավոր դատախազը դատախազության ստորաբաժանումներից պահանջել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դրանց կատարմանը:

Մասնավորապես՝ Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազության տարածքային ստորաբաժանումների համապատասխան դատախազները պետք է հանդիպեն հացադուլ հայտարարած անձանց, պարտադիր նախաձեռնվի նրանց սահմանված կարգով հարցման ենթարկելու գործընթաց՝ պարզելու նման ծայրահեղ միջոցի դիմելու պատճառները: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ պետք է առանձին քննարկման առարկա դարձնել հացադուլի մեջ գտնվող անձանց բարձրացրած հարցերը՝ վերջիններիս օրենքով սահմանված բոլոր իրավունքների պատշաճ ապահովումը երաշխավորելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներկայումս հանրապետության քրեակատարողական հիմնարկներում 3 անձ գտնվում է հացադուլի մեջ: Այսօր նրանց հետ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի հերթական հանդիպումն է նախաձեռնվել, որի արդյունքում հացադուլի մեջ գտնվող երկու անձինք ենթարկվել են հարցման (երրորդ անձը հրաժարվել է ընդունելությունից և դատախազի կոմղից հարցման ենթարկվելով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն): Հացադուլի մեջ մտնելու որոշումը վերջիններս պայմանավորել են իրենց մեղսագրվող արարքները կամ դատավճիռները չընդունելու հանգամանքով: Հանդիպումների ընթացքում նրանց առաջարկվել է դադարեցնել հացադուլը և դիմել իրենց խնդիրները լսելի դարձնելու, բողոքն արտահայտելու այլ՝ առողջության և կյանքի համար ոչ վտանգավոր միջոցների: Դատախազի կողմից հավաստիացվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված բողոքները, բարձրացված խնդիրները կլինեն առարկայական, հիմնավորված և փաստակված և չեն հետապնդի նման միջոցի դիմելով քրեական հետապնդում իրականացնող մարմինների նկատմամբ իրենց վերաբերող գործերով քննության վրա ներազդելու ոչ իրավաչափ նպատակ, սահմանված կարգով կդառնան քննարկման առարկա:

Ընդունելությանը մասնակցած, հարցման ենթարկված կալանավորված անձանց բարձրացրած՝ իրենց առնչվող քրեական գործերով նախաքննությանը, առաջադրված մեղադրանքներին վերաբերող հարցադրումները, բարձրացրած խնդիրներն ըստ ենթակայության ներկայացվել են տվյալ գործերով հսկողություն իրականացնող դատախազներին:

Ելնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված՝ հացադուլի մեջ գտնվող կալանավորներին կամ դատապարտյալներին հնարավորինս օպերատիվ հանդիպելու և հարցման ենթարկելու վերոնշյալ հանձնարարականից, ինչպես նաև իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները՝ նախորդ ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հանդիպում է կազմակերպվել նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող՝ հացադուլ հայտարարած թվով 5 անձանց հետ: Նրանցից երեքը դատախազի կողմից նաև ենթարկվել էին հարցման: Չնայած երկու անձինք հրաժարվել էին հարցման ենթարկվելուց, սակայն նրանց հետ ընդունելության ժամանակ վերջիններիս բացատրվել էր սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի վատթարացման հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվել է դադարեցնել հացադուլը և բողոքն արտահայտել առողջությանը չվնասող այլ եղանակներով: Արդյունքում նրանցից մեկը նույն օրը դատախազի ընդունելությունից հետո դադարեցրել էր հացադուլը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել