Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախաձեռնել և իրականացրել է «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով հետազոտություն և դրա արդյունքների հիման վրա մշակել է զեկույց։
Զեկույցում ներկայացվում է անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական վերլուծական եղանակով վերհանվում է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում այն պետք է բխի Հայաստանի ներպետական միջավայրից: Անցումային արդարադատությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և դրա կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծվեն Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և երկրի կոնվեցիոն պարտավորությունների շրջանակներում:
Անցումային արդարադատության կիրառման ժամանակահատված անհրաժեշտ է սահմանել 1991-2018 թվականները` մինչև թավշյա հեղափոխությունն ընկած ժամանակահատվածը:
Անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակում անհրաժեշտ է ներառել՝
- հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում գերակա հանրային շահի պատճառաբանությամբ հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ,
- համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանից ածանցյալ գործերը. oրինակ` 2008թ.-ի մարտի 1-ի վերաբերյալ,
- կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը:
Զեկույցում առաջարկվում է ստեղծել՝
- մասնագիտացված դատարաններ (օրինակ՝ հակակոռուպցիոն), որոնք կքննեն գողացված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունները,
- ձևավորել ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներ, որը կզբաղվի ճշմարտության բացահայտման, իրավախախտների և տուժածների հաշտեցմամբ՝ նպաստելով հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը,
- նախատեսել փոխհատուցումներ ստանալու համար հիմքեր և տուժողների հստակ շրջանակ,
- ստեղծել վեթթինգային հանձնաժողով, որը կպարզի պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը և կհեռացնի նրանց,
- ստեղծել հասարակական մշտադիտարկման մարմին՝ կազմված մասնագիտացված ՔՀԿ-ներից և անկախ փորձագետներից, որը կաջակցի վերը նշված գործընթացների իրականացմանը։
Զեկույցում ամփոփված են նաև 2018 թվականի նոյեմբերի 28-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպված «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովի արդյունքները։
Նշենք նաև, որ զեկույցն արդեն իսկ ուղարկվել է կառավարություն, Ազգային ժողով և հասանելի է բոլորին ccd.armla.am կայքում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։