Կոտայքի մարզի 13 համայնքներից այս պահին մարզպետարան են ներկայացվել 2 տասնյակից ավելի սուբվենցիոն ծրագրային հայտեր: Գործընթացը շարունակվում է, որի արդյունքում նախատեսվում է շուրջ 40 հայտ ներկայացնել կառավարություն՝ 2019 թվականի սուբվենցիաների միջոցներով համաֆինանսավորվելու նպատակով:
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից անդրադարձ եղավ սուբվենցիոն ծրագրային հայտերի ընդունման գործընթացին:
Մարզպետի դիտարկմամբ, համայնքների հետ պետք է լրացուցիչ աշխատանքներ իրականացնել՝ սահմանված ժամկետներում սուբվենցիոն ծրագրային հայտերի վերջնական տարբերակները ներկայացնելու, որպեսզի մարզից առավելագույն թվով հայտեր ընդգրկվեն 2019 թվականի սուբվենցիաներում:
Մարտի 23-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակը Կոտայքի մարզում պատշաճ մակարդակով անցկացնելու համար մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ Կոտայքի մարզպետարանում աշխատանքային խումբ է ստեղծվել: Առաջարկվել է Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին, ուսումնական և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին, համագործակցելով աշխատանքային խմբի հետ, միջոցներ ձեռնարկել մարտի 23-ի շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Հանձնարարվեց ևս մեկ անգամ հետևել նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ շաբաթօրյակի օրը որևէ թերացում բացառելու համար:
Անդրադառնալով մարզի ԱԳԼՃԿ-ներում սանհանգույցների հիմնանորոգման, իսկ երկրորդ փուլում արդեն տեսանելի վայրում տեղեկատվական վահանակների տեղադրման գործընթացին՝ մարզպետը նշեց, որ պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի մարզի թվով 32 ԱԳԼՃԿ-ներում սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները հավուր պատշաճի իրականացվեն և խստագույնս պահպանվեն բոլոր ժամկետները: