Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ՝ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքի վերաբերյալ:
Օրենքի նախագիծը նախատեսում է, որ յուրաքանչյուր ոք անկախ ՄԻԱՎ-ի կարգավիճակից ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելը կամ ոչ պատշաճ տրամադրելն էլ առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Oրենքի հոդված 8-ը շարադրվել է հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքով գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչները սահմանում է առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմինը»:
Նախագծի համաձայն՝ բժշկական հետազոտությունների իրականացումը կկատարվի հետևյալ ձևով.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար իրավունք ունեն բժշկական, այդ թվում լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների (այսուհետ՝ բժշկական հետազոտություններ):
- ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով իրականացվող բժշկական հետազոտությունները իրականացվում են սույն օրենքի և առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմնի կողմից հաստատված պացիենտի վարման գործելակարգերին և կլինիկական ուղեցույցներին համապատասխան:
- ՄԻԱՎ հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտությունները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակեպություններում:
- ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կրկնակի բժշկական հետազոտություն տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունում:
- ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտություններն անվճար են՝ երաշխավորված պետության կողմից, անանուն են և կամավոր՝ բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
- Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն կամ արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ կամ փոխպատվաստեն օրգաններ կամ հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով:
- ՄԻԱՎ-ի կարգավիճակի պարզմանն ուղղված բժշկական հետազոտությունը զուգորդվում է բժշկական կազմակերպության կողմից տրամադրվող նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվությամբ:
- Մինչև 14 տարեկան երեխաների բժշկական հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Օրենքը լրացվել է նաև հետևյալ նոր 10.1-ին հոդվածով`
«10.1 Ինքնաթեսթավորումը
- Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի հայտնաբերման մատչելիությունը ապահովելու նպատակով կարող է օգտագործվել ՄԻԱՎ-ի հայտնաբերման ինքնաթեսթավորման հավաքածու, որը կարող է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված դեղատնային գործունեություն իրականացնող կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից:
- ՄԻԱՎ վերջնական ախտորոշումը կատարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական կազմակերպություններում սույն օրենքով նախատեսված կարգով»:
Կարգավորվել են նաև ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և դրա փոխանցմանը ներկայացվող պահանջները.
- ՄԻԱՎ հայտնաբերելու կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում պարզված տվյալները համարվում են բժշկական գաղտնիք:
- ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետոզոտության արդյունքը, ինչպես նաև ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից կարող է տրամադրվել.
1) հետազոտվող անձին.
2) մինչև 14 տարեկան հետազոտվող անչափահասի ծնողին կամ օրինական ներկայացուցչին, 14-ից բարձր անձանց դեպքում` հետազոտվողին:
- ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում անձը, բժշկական կազմակերպության բժշկի կողմից գրավոր տեղեկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման կանխարգելման կանոնների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև այլ անձին ՄԻԱՎ-ով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխաատվության վերաբերյալ:
- ՄԻԱՎ դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում բժշկական կազմակերպության բժիշկը խորհրդատվական աշխատանքներ է իրականացնում ՄԻԱՎ վարակակրի ամուսնուն կամ զուգընկերոջը ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման կարևորության և բժշկական հետազոտություն անցնելու ուղղությամբ` տրամադրելով առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմնի կողմից հաստատված ձևի իրազեկման թերթիկ:
- ՄԻԱՎ դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում այդ կարգավիճակի մասին բժշկական կազմակերպության բժիշկը կարող է ՄԻԱՎ վարակակրի ամուսնուն կամ զուգընկերոջը տեղեկացնել հետևյալ դեպքերում`
1) երբ ՄԻԱՎ վարակակիրը ինքը չի ցանկանում հայտնել ամուսնուն կամ զուգընկերոջը և գրավոր կարգով տալիս է ամուսու կամ զուգընկերոջ կոնտակտային տվյալներ, ինչպես նաև համաձայնություն իր կարգավիճակի բացահայտումով կամ առանց բացահայտման, տեղեկացնել ամուսնուն կամ զուգընկերոջը կարգավիճակի կամ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին,
2) երբ ՄԻԱՎ վարակակրի և բժշկական կազմակերպության բժշկի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ ամուսնուն կամ զուգընկերոջը որոշված տեղեկացման ժամկետը ավարտվել է և ՄԻԱՎ վարակակրի ամուսինը կամ զուգընկերը չի ներկայանում ՄԻԱՎ կարգավիճակը որոշելու նպատակով բժշկական հետազոտություն անցնելու համար, ապա բժիշկը, ըստ ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի կողմից ներկայացված կոնտակտային տվյալների, տվյալ անձին և ամուսնուն կամ զուգընկերոջը հրավիրում է ՄԻԱՎ կարգավիճակը պարզելու նպատակով հետազոտության անցկացման,
3) երբ բժիշկը, ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի գրավոր համաձայնությամբ, ուղեկցում է տվյալ անձին իր ամուսնուն կամ զուգընկերոջը տվյալ անձի կարգավիճակը բացահայտելու և ամունուն կամ զուգընկերոջը պատշաճ մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու ու ամուսնու կամ զուգընկերոջ ՄԻԱՎ կարգավիճակը բացահայտելու համար հետազոտություն անցնելու վերաբերյալ:
- 6. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները տիրապետող անձը պարտավոր է պահպանել (չփոխանցել) բժշկական գաղտնիքը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կամ օրենքով չնախատեսված դեպքերում բժշկական գաղտնիքի ապօրինի փոխանցումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»:
Լրացում է կատարվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրենսգիրքը լրացվել է 47.15 հոդվածով, որի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելը կամ ոչ պատշաճ տրամադրելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ 400 հազար դրամի չափով:
Տույժի նշանակումից հետո 6 ամսվա ընթացքում արարքը կրկնելը կառաջացնի տուգանքի նշանակում` 800 հազար դիամի չափով:
Փոփոխություն է կատարվել նաև քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածում, որը նախատեսում է պատասխաանտվություն՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու համար:
Այսպիսով, այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ կպատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Եթե նշված արարքը կատարվի՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, ապա կպատժբի ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Անձը կազատվի սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունից, եթե՝
1) ՄԻԱՎ-ով վարակված անձին նախապես՝ մինչև վարակելուն ուղղված գործողության կատարումը նախազգուշացրել է իր մոտ այդ հիվանդության առկայության մասին և այդ անձը կամավոր համաձայնվել է կատարել վարակման վտանգ ստեղծած գործողություն, կամ
2) ձեռնարկել է վարակը չփոխանցելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանխարգելիչ միջոցառումները: