Մարտի 4-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ փետրվար ամսին կատարված աշխատանքների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
Փետրվարին ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 937 446 294 ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 86 402 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 81 653 կատարողական վարույթներ:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես, ներկայացվել է, որ փետրվարին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 12300 դիմում և գրություն: Նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրվել է 27 բողոք, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 47 զանգ-բողոք: Փետրվարին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից կատարվել է 4 քաղաքացու ընդունելություն: Արագ սպասարկման գրասենյակում սպասարկվել է 5908 քաղաքացի:
Կառույցի ղեկավարին են ներկայացվել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հաշվետու ամսում իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև Հարկադիր կատարման օպերատիվ բաժնի կողմից կատարված աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում Տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է նաև հարկադիր կատարողների կողմից ներկայացվող՝ կատարողական վարույթների վարման ընթացակարգին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ:
Զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցության ավարտին Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ: