Հատուկ դպրոցներում արձանագրվել են առանց օրինական հիմքերի երեխաների հայտնվելու դեպքեր, երեխաների միջև բռնության, աշխատանքի շահագործման մասին տվյալներ

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝

  • երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, ինչպես նաև աշխատանքի շահագործման մասին տվյալներ.
  • դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,
  • խոհանոցային տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված խնդիրներ.
  • հայտնաբերվել է ժամկետանց սնունդ, ինչպես նաև դեպքեր, երբ երեխաներին չի տրամադրվել բավարար քանակությամբ ձկնեղեն, կաթնամթերք և միրգ.
  • հաստատությունների ննջասենյակներում եղել են գերբնակեցման դեպքեր.
  • հայտնաբերվել են թերություններ՝ կապված գրեթե բոլոր հաստատություններում ընդունելության փաստաթղթերի հետ (օրինակ՝ առկա չեն եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրեր, ծնողների դիմումներ, ուղեգրեր).
  • հատուկ նպատակով նախատեսված մեկուսարանները օգտագործվել են որպես պահեստ, իսկ մեկուսարաններում գտնվող անկողնային պարագաները եղել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում: Անգամ մեկ դեպքում հայտնաբերվել են կրծող կենդանիների արտաթորանքներ.
  • մի շարք հաստատությունների գործունեությունը չի համապատասխանում այդ հաստատության համար սահմանված տիպին.
  • արձանագրվել են լոգարանների պատուհանների թափանցող ապակիներ, որի պատճառով լոգարանի ներսի հատվածը տեսանելի է եղել նույն հարթության վրա գտնվող բակից.
  • արձանագրվել են դեպքեր, երբ զուգարանակոնքերն առանձնացված չեն եղել միջնորմերով․
  • սանհագույցներում հիմնականում բացակայել է զուգարանի թուղթ, հեղուկ օճառ և այլ սանիտարահիգիենիկ պարագաներ.
  • մի շարք հաստատությունների ննջասենյակներում վարագույրներ կախված չեն եղել, բացակայել են ներքնակներ, անձնական հիգիենայի պարագաներ, հայտնաբերվել են աղտոտված անկողնային պարագաներ, անբավարար քանակությամբ կողապահարաններ,
  • աշխատանքային ժամերից հետո հաստատություններում բուժանձնակազմ, որպես կանոն, չի լինում.
  • շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար.
  • որոշ հաստատություններում բացակայել են բողոքարկման արկղեր և բողոքարկման ընթացակարգեր նախատեսված չեն եղել և այլն:

Առանձին հաստատությունների հետ կապված արձանագրվել են նաև դրական զարգացումներ:

Նշված բոլոր հաստատություններում մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են միջազգային ընդունված պահանջներին համապատասխան: Դրանք լուծումների կոնկրետ առաջարկություններով ներկայացվել են իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել