Ի՞նչ սահմանափակումներ են նախատեսված ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ

Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ԱԱԾ մարմիններում ծառայողների նկատմամբ կիրառվող ի՞նչ սահմանափակումներ կան:

Այսպիսով.

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի`

– ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ).

– լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.

– անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և քաղաքացիներին.

– լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

– հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

– ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

– ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

– լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.

– պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.

– կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող ուսումնական հաստատություններում` միայն հեռակա ուսուցման ձևով` ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել