Մաքսակետում մեքենայի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 30 կգ դեղորայք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: Մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3.5կգ քաշով տարբեր դեղորայք:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կասկածելով, որ մեքենայում կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է  խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի ետևի նստատեղի և գազի բալոնի միջև գտնվող հատվածից ևս մոտ 20կգ դեղորայք է բացահայտվել: Հաջորդ փուլով՝ թաքստոցի վերածված մեքենան ավելի մանրակրկիտ զննության է ենթարկվել արդեն «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով: Արդյունքում 6կգ դեղորայք էլ հայտնաբերվել է դիմացի նստատեղի մեջքի հենակի մեջից: Այսպիսով, ավտոմեքենայի տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է 29.5կգ ընդհանուր քաշով դեղորայք:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Տեսանյութը՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել