Քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Նարեկ Սարգսյանը հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարել

Փետրվարի 28-ին ժամը 14:28-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել մի քաղաքացուց, որը հայտնել է, թե 2012 թվականի դեկտեմբերի 23-ին ոմն Նարեկ Սարգսյանը Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի 50ա հասցեում գտնվող գետնանցումում ցանկացել է ատրճանակով սպանել իր ընկերոջը։

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մեր հարցին ի պատասխան, թե խոսքը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի մասին է, ոստիկանությունից հայտնեցին, որ դա կպարզվի քննությամբ:

Հիշեցնենք, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել