ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման վճռի կայացման առնչությամբ

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:

Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը:

Ավելին, Արցախի իշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմի հավատարմության մասին։

Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլ իրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակ հանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը: 15 տարի առաջ նույն դրդապատճառներով սպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլ միջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»:

Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել