«Յուքոմի» սպասարկման գրասենյակից հափշտակել են խոշոր գումար և 8 բջջային հեռախոսներ. մեղադրանք է առաջադրվել 17-ամյա երիտասարդի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ անչափահասի մասով նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 17-ամյա բնակչին:

Այս մասին տեղեանում ենք Քննաչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 2001 թվականին, 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 04:20-ին, ուրիշի գույքը հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ,  նախապես իր հետ վերցրած լինգանման ձողով բացել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող «Յուքոմ»ՍՊԸ-ի վաճառքի և սպասարկման գրասենյակի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել ընդհանուր խոշոր չափերի՝ 527 200 ՀՀ դրամ արժողությամբ թվով 8 բջջային հեռախոսներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակված հեռախոսները վաճառել են և գողոնի վաճառքից ստացված գումարը ծախսել անձնական կարիքների համար:

2019թ. փետրվարի 25-ին որոշում է կայացվել՝ գողությանը մասնակից, ինքնությունը չպարզված անձի մասով քրեական գործից մաս անջատելու, առանձին վարույթ առանձնացնելու և առանձնացված մասով նախաքննությունը շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը:

Անչափահասի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել