Տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացվում է անվճար, որի դեպքում սեփականատերը (լիազորված անձը) ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն.
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).
5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.
6) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը:
Տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակ տրանսպորտային միջոցը զննվում է զննման կայանում, սպասարկման սրահում անձին տրամադրվում են համարանիշեր, իսկ տպագրման և հատկացման սրահում տրամադրվում է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը: Հաշվառման ժամանակ սեփականատերը (լիազորված անձը) ներկայացնում է՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը գրանցված չէ ճանապարհային ոստիկանությունում.
3) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի): Մասնավորապես, հաշվառման համարանիշերի համար անձը վճարում է 12000 ՀՀ դրամ, հաշվառման վկայագրի համար՝ 6000 ՀՀ դրամ, ինչպես նաև հաշվառման գործողությունների համար՝ 5000 ՀՀ դրամ:
Սեփականատերը (լիազորված անձը) կարող է պատվիրել տրանսպորտային միջոցի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր՝ վճարելով 36000 ՀՀ դրամից մինչև 8000000 ՀՀ դրամ: