Սահմանվել է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որոնց դեղերը հատկացվում են արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով սահմանվում է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որոնցում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Դեղերի մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման կատարմամբ, ինչպես նաև առողջապահության նախարարության քաղաքականությամբ` բնակչության առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև համապատասխան դեղերի տրամադրման ծառայությունները մատչելի և հասանելի դարձնելուն:

Մասնավորապես`

  1. գործող որոշման 1-ին ցանկում, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկ, որոնց պատկանող շահառուներին, հիվանդության դեպքում, դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ, ներառված չեն ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամները:
  2. գործող որոշման 2-րդ ցանկում` այն հիվանդությունների ցանկ, որոնց առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը պացիենտներին տրվում են անվճար, ներառված չեն հիպոֆիզային գաճաճություն ախտանիշը և վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդությունը:

Վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն

 Վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ: Ըստ ԱՀԿ-ի տվյալների` աշխարհում  շուրջ 257 մլն մարդ քրոնիկ վարակված են հեպատիտ Բ վիրուսով, 71 մլն՝ հեպատիտ Ց վիրուսով: Չնայած բուժման արդյունավետ մեթոդների առկայության, ներկայում  հեպատիտ Ց-ի վիրուսով վարակված անձանց թիվը փաստորեն աճում է: Հեպատիտները լյարդի ախտաբանությամբ պայմանավորված մահվան հիմնական պատճառներից են: Տարեկան 1.34 մլն մարդ մահանում է սուր  վիրուսային հեպատիտներից և քրոնիկ  վիրուսային հեպատիտների հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: 2015 թվականին շուրջ 1.75 մլն ՀՑՎ-ի նոր դեպքերի պատճառ են հանդիսացել բժշկական կազմակերպություններում ոչ անվտանգ բժշկական միջամտությունների իրականացումը:

Հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ

 Աճի հորմոնի անբավարարության կլինիկական դրսևորումներից է արտահայատված կարճահասակությունը, որի բուժման բացակայության դեպքում պացիենտների վերջնական հասակը կազմում է 126-130 սմ: Աճի հորմոնի անբավարարությունը նաև զուգորդվում է մի շարք  մետաբոլիկ խանգարումներով, ինչպիսին են հիպոգլիկիմիան , հիպերխոլեստերինեմիան, օստեոպորոզը, մկային թուլությունը, քաշի ավելցուկը, սեռական գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները: Նշված մետաբոլիկ խանգարումները բերում են հիվանդացության բարձրացմանը, վաղ հաշմանդամությանը և հետևաբար մահացության բարձրացմանը: Այս փոփոխությունները սկսվում են ձևավորվել վաղ մանկական տարիքից ու բնականաբար, աճի հորմոնի անբավարարության վաղ հայտնաբերումը և բուժումը կարող է կանխել նշված ախտաբանական փոփոխությունները:

Առաջարկվում է.

Ներկայումս գործող որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրված շահառուների թվաքանակը կազմում է շուրջ 864,0 հազար: 2018 թվականին նշված շահառուների նախատեսվել է տրամադրել 1,215.0 մլն դրամի դեղեր: 2018 թ-ի ընթացքում առողջապահական կազմակերպություների կողմից շահառուներին փաստացի տրամադրվել է մոտ 300,0 հազար դեղատոմս` ընդհանուր 809,3 մլն դրամի կամ մեկ դեղատոմսի միջին արժեքը 2,7 հազար դրամ: Նոր նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները: Նշված շահառուներին համաձայն կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման համաձայն տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն:

Միաժամանակ այս շահառուները ներկայիս գործող կարգով չեն օգտվում ամբուլատոր պայմաններում անվճար հատկացվող դեղերից, ինչը բերել է նրան, որ այս շահառուների ոչ բարդացած հիվանդությունների բուժման նպատակով գերադասում են դիմել հիվանդանոցային /ավելի թանկարժեք/ անվճար բժշկական օգնության, քանի որ հիվանդանոցային բժշկական օգնությունը ներառում է նաև դեղերով ապահովումը: Նախաձեռնության արդյունքում ակնկալվում է թեթևացնել հիվանդանոցային բեռը և այն հիվանդությունները որոնք հնարավոր են բուժել ամբուլատոր պայմաններում բուժվեն ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից` դեղերի տրամադրմամբ: Առաջարկվող լրացուցիչ շահառուների թվաքանակը կազմում շուրջ 200,0 հազար:

Հիմք ընդունելով 2018 թվականին փաստացի տրամադրված դեղատոմսերի քանակները, ինչպես նաև այս շահառուների սոցիալական վիճակը և բժշկական օգնության դիմելիության բարձր մակարդակը, դեղերի պահանջարկը գնահատվում է շուրջ 1,5-1,7 անգամ ավելի բարձր քան ներկայումս գործող որոշմամբ նախատեսված շահառուների մոտ:

Հաշվի առնելով այս հանգամանքը 2019 թվականի բյուջեով նախատեսված 1,115,3 շրջանակներում նոր ընդգրկվող շահառուների համար նախատեսվում է շուրջ 118,0 հազար դեղատոմս:

Որպես անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուր առաջարկվում է դիտարկել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գծով կանխատեսվող տնտեսումների հաշվին:

Նախագծի 2-րդ ցանկում նախատեսվում է ավելացնել նոր հիվանդություն և ախտանիշ, մասնավորապես` հիպոֆիզային գաճաճություն ախտանիշը և վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդությունը:

«Հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշով ՀՀ-ում հաշվառված են 43 պացիենտ, որոնց բուժման համար անհրաժեշտ է աճի հորմոն: 10 երեխան ներկայումս ընդգրկված են «Երկարատև ազդեցության աճի հորմոնի enliChten» հետազոտության մեջ մինչև 2019 թվականի ավարտը, այսինք 2019 թվականի համար պետությունը ձեռք կբերի 33 պացենտի համար նախատեսված քանակ: Մեկ պացենտի համար մեկ ամսվա կտրվածքով միջինում անհրաժեշտ է 3 գրիչ` դեղի դեղաչափը կախված է երեխայի քաշից: Առողջապահության նախարարությունը նախատեսում է 2019թ համար ձեռք բերել թվով 2 գրիչ: Մեկ սրվակ  նախալցված ներարկիչի շուկայական գինը կազմում է 58 500 ՀՀ դրամ, ամսեկան ընդհանուր գումարը մեկ պացիենտի համար 2 գրիչ ձեռք բերելու դեպքում կկազմի  կազմում է 117 000 ՀՀ դրամ, իսկ  3 գրիչի ձեռք բերման դեպքում 175 500:   Մեկ տարվա կտրվածքով մեկ երեխայի համար անհրաժեշտ դեղի գումարը` 2 գրիչ համար` 1 404 000 ՀՀ դրամ, իսկ 3 գրիչի համար` 2 106 000 ՀՀ դրամ: ՀՀ-ում հաշվառված 43 երեխայի համար ընդհանուր գումարը մեկ տարվա կտրվածքով 2 գրիչ համար` 60.372.000 ՀՀ դրամ, իսկ 3 գրիչի համար` 90 558 000 ՀՀ դրամ:  Աճի հորմոնով  ապահովելու դեպքում, արդյունքում  երեխաների գերակշռող մեծամասնությունը կունենան բավարար անթրոպոմետրիկ (հասակ և քաշ) տվյալներ և կխուսափեն հաշմանադամ լինելու ոչ ցանկալի ապագայից:

Վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդության հակավիրուսային բուժումը դեղերով տևում է 3 ամիս և բոլոր գենոտիպերի համար կկազմի շուրջ 85000 ՀՀ դրամ, բացառությամբ՝ գենոտիպ 3, ֆիբրոզ 3-4 ստադիայում, որը պահանջում է 6 ամսյա հակավիրուսային դեղերով բուժում: Նախատեսվում է բուժել տարեկան շուրջ 1000 հիվանդ:

 «Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշի և վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդության դեղերի ձեռքբերման ծախսերը նախատեսվում են կատարել «Առողջապահություն» բաժնի «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի տնտեսումների և Հայաստանի Հանրապետության 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով Աառողջապահության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

Այսպիսով, նախատեսվում է ունենալ բժշկական օգնության և սպասարկման հասանելի համակարգ` բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի և համապատասխան պացիենտների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել