Դատավորը դրսևորել է կողմնակալ և խտրական մոտեցում, կասկածի տակ է դրել դատարանի անկախությունն ու անաչառությունը, որի արդյունքում նաև հեղինակազրկվել է դատական իշխանությունը. ԲԴԽ որոշում՝ կարգապահականի վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել է նկատողություն: Որոշումը ընդունվել և ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը փաստաբան Լուսինե Սահակյանի 2018 թվականի նոյեմբերի 13-ի հաղորդումն է՝ հասցեագրված հանձնաժողովին։

Հաղորդման մեջ նշվել է, որ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ստեղծել կողմնակալ և խտրական վերաբերմունքի տպավորություն, կասկածի տակ են դնում դատավորի անաչառությունը:

Հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործի նյութերի, ինչպես նաև դատավորի ներկայացրած բացատրությունների ուսումնասիրության արդյունքում Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը հաստատված է համարել, որ դատավոր Ռուբեն Ափինյանն իր վարքագծով դրսևորել է կողմնակալ և խտրական մոտեցում, կասկածի տակ է դրել դատարանի անկախությունն ու անաչառությունը, որի արդյունքում նաև հեղինակազրկվել է դատական իշխանությունը: Մասնավորապես, Դատավորը կատարել է նշագրում 2018 թվականի սեպտեմբերի 14-ի վճռի` հոկտեմբերի 15-ին օրինական ուժի մեջ մտնելու մասին, մինչդեռ հոկտեմբերի 15-ին՝ մինչև ժամը 24:00-ն առաջին ատյանի դատարանի վճիռը չէր կարող ստանալ օրինական ուժ, և, հետևապես, այդ օրը մինչև կեսգիշեր եղել է վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորություն, ընդ որում, բողոքը ներկայացվել է այդ ժամկետում:

2018 թվականի հոկտեմբերի 18-ին, առանց դատական նիստ հրավիրելու, դատարանի որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոցները վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, ինչն ուղղակիորեն հակասում է տվյալ գործի նկատմամբ կիրառելի ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին: Վերջինիս հետևանքով խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջները, այն է` քաղաքացիական դատավարության իրականացումը կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Նշված որոշումից հետո անհապաղ տրվել է կատարողական թերթ:

Նույն օրը` հոկտեմբերի 18-ին, հոկտեմբերի 15-ին վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված և հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված վերաքննիչ բողոքի պատճենը հանձնվել է դատավոր Ռուբեն Ափինյանի կազմին` վերջինիս պնդմամբ նույն օրվա երեկոյան` հայցի ապահովման միջոցները վերացնելու վերաբերյալ միջնորդության բավարարման մասին որոշման կայացումից և դրա հիման վրա կատարողական թերթ տալուց հետո: Սակայն հանձնաժողովն արձանագրել է, որ բողոքի պատճենն ստանալուց հետո դատավոր Ռուբեն Ափինյանը չի ձեռնարկել որևէ գործողություն վճռի կատարումը կասեցնելու նպատակով:

Ի թիվս վերոշարադրյալի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կայացված «Վրիպակն ուղղելու մասին» որոշումը կողմին առաքելու նպատակով փոստին է հանձնվել 2018 թվականի հոկտեմբերի 31-ին:

Հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ դատավոր Ռուբեն Ափինյանը 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Հանձնաժողովին ներկայացրել է գրավոր բացատրություն, իսկ 2018 թվականի հունվարի 21-ին՝ պարզաբանում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդին:

Գրավոր բացատրության մեջ Ռուբեն Ափինյանը նշել է, որ դատարանի կողմից վաղօրոք նշանակված դատական նիստերից մեկը վերանշանակվել է ավելի շուտ ժամկետում՝ հայցվոր Արսեն Չիչյանի միջնորդության հիման վրա՝ հիմքում դնելով գործի քննությունը ողջամիտ ժամկետներում քննելու սկզբունքը: Հայցվորը պատրաստակամություն է հայտնել պատասխանողին ուղարկվելիք դատական ծանուցումները մասնավոր սուրհանդակային ընկերության միջոցով ուղարկելու և դրա վերաբերյալ պատշաճ ապացույց Դատարանին ներկայացնելու կապակցությամբ: Ելնելով նույն գործի քննությունը ողջամիտ ժամկետներում քննելու սկզբունքից՝ Դատարանը հայցվորին է տրամադրել պատասխանողի վերաբերյալ ծանուցումները, իսկ նշված հասցեով պատասխանողին առաքելու վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են դատարանին:

Դատավոր Ռ. Ափինյանը շեշտում է նաև, որ դատավարական ծանուցումները գործին մասնակցող անձանց ուղարկելու եղանակի սահմանափակում որևէ նորմով կարգավորված չէ: Իսկ ինչ վերաբերում է Արսեն Չիչյանին ուղարկված ծանուցումների Դատարան վերադարձին և վերջինիս դատական նիստերին մասնակցելուն, ապա, ըստ Դատավորի՝ յուրաքանչյուր գործով datalex.am կայքում տեղադրվում է հաջորդ դատական նիստի անցկացման ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվություն: Այսինքն՝ բացի դատարանի կողմից ծանուցում ուղարկելուց, գործին մասնակցող անձինք զրկված չեն գործով նշանակված դատական նիստերի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ datalex.am կայքից տեղեկանալու հնարավորությունից:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ փաստաբան Լուսինե Սահակյանը հրապարակումից մոտ 20 օր հետո է ծանոթացել գործի նյութերին, դատավորը հայտնել է, որ գործով վճռի հրապարակումից հետո՝ նույն օրը, դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի մասնակցությամբ Լուսինե Սահակյանը ծանոթացել է գործի նյութերին: Ընդ որում, այդ պահին վերջինիս մոտ առկա չի եղել համապատասխան լիազորագիր: Այնուհետև Լուսինե Սահակյանը դիմել է, ներկայացել դատարան և կրկին անգամ ծանոթացել է գործի նյութերին: Իսկ ինչ վերաբերում է վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշմանը, ապա Դատարանի կողմից այն կայացվել և ուղարկվել է գործին մասնակցող անձանց:

Դատավորն անդրադարձել է նաև փաստաբանի կողմից նշված այն հանգամանքին, որ դատավոր Ռուբեն Ափինյանը, 14.09.2018թ. կայացնելով նշված վճիռը, իբր թույլ տալով «վրիպակ», վճռի եզրափակիչ մասում նշել է, թե այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ «վրիպակը» հիմք ընդունելով՝ Արսեն Չիչյանը, 18.09.2018թ. և 20.09.2018թ. կոտրելով կայացված վճռով իր սեփականությունը ճանաչված Նալբանդյան 7 շենքի 1 և 1ա բնակարանների մուտքի փականները, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք է գործել այդ հասցեներում տեղակայված «Բագին» փաստաբանական գրասենյակ, որտեղից հափշտակել են դրամական միջոցներ և գույք: Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում քննվում է քրեական գործ: Այս փաստարկի կապակցությամբ դատավորը հայտնել է, որ դատարանը վճռի հրապարակումից հետո հայցվոր կողմին վճիռը տրամադրել է երկրորդ կնիքով չվավերացված վիճակում, որպիսի պայմաններում վճիռը չի կարող համարվել օրինական ուժի մեջ մտած:

Դատավորն իր բացատրությամբ անդրադարձել է նաև վճռի կայացումից հետո վրիպակն ուղղելու պահանջով 27.09.2018թ. մուտքագրված դիմումի քննարկման առնչությամբ դիմումատուի փաստարկներին և հայտնել, որ դատավարական փաստաթղթերը փոստով առաքելու ժամկետների վերաբերյալ դատավորը որևէ առնչություն չունի, այնուամենայնիվ, նշվածը կարող է հանդիսանալ դատավորի աշխատակազմի գերծանրաբեռնվածության հետևանք:

Օրենքով սահմանված ժամկետում կայացված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո դատավոր Ռուբեն Ափինյանը 14.09.2018թ. կայացված վճռի վրա կատարել է մակագրություն՝ իբր դրա օրինական ուժի մեջ մտնելու մասին և դատական ակտն անհապաղ, առձեռն տրամադրել է Արսեն Չիչյանին՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դատական ակտը բողոքարկված է, հետևաբար և չի ստացել օրինական ուժ: Այդ գրառումը Ռ.Ափինյանը կատարել է 15.10.2018թ. (երկուշաբթի), այն պարագայում, երբ կողմն այդ օրը մինչև կեսգիշեր դեռ ժամկետ է ունեցել ներկայացնելու վերաքննիչ բողոք:

Վերոգրյալի կապակցությամբ Դատավորը հայտնել է, որ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը դատարանի կազմին հանձնվել է 18.10.2018 թվականին՝ ժամը 17։00-ի սահմաններում։ Datalex.am կայքում արտացոլված է վերաքննիչ բողոքի ներկայացման ժամկետը՝ 17.10.2018 թվականին, և, նկատի ունենալով, որ իր նստավայրը հանդիսանում է Քանաքեռ նստավայրը, նշված բողոքն իր կազմին հանձնվել է 18.10.2018 թվականին՝ ժամը 17։00-ի սահմաններում՝ դատարանի ցրիչների միջոցով։ Մինչ այդ Արսեն Չիչյանի կողմից ներկայացված է եղել վճիռը երկրորդ կնիքով հաստատելու վերաբերյալ միջնորդություն, ուստի հիմք ընդունելով այն, որ վճիռը կայացվել է 14.09.2018 թվականին, 15.09.2018 թվականին Դատարանի կողմից կատարվել է նշում վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին։

Հայցի ապահովման միջոցների վերացման առնչությամբ դատավորը հայտնել է, որ հայցի ապահովման միջոցները վերացվել են հայցվորի համապատասխան միջնորդության հիման վրա, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործով հայցի ապահովման միջոց կիրառվել էր հենց հայցվորի միջնորդությամբ, վճիռը 15.10.2018 թվականին մտել էր օրինական ուժի մեջ, և դատարանի կազմին դեռևս վերաքննիչ բողոքը չէր հանձնվել, դատարանն առանց դատական նիստ հրավիրելու կայացրել է որոշում հայցի ապահովման միջոցները վերացնելու վերաբերյալ։ Ընդ որում, վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատավորի կազմին հայտնվել է որոշման կայացման օրը՝ երեկոյան, իսկ որոշումն Արսեն Չիչյանն առձեռն ստացել է օրվա առաջին կեսին։

Դատավորը նշել է նաև, որ դատարաններում առկա էր ձևավորված պրակտիկա, որ հայցի ապահովման միջոցները վերացվում էին առանց դատական նիստ հրավիրելու միայն այն դեպքում, երբ դատարանի կողմից հայցի ապահովման միջոցը կիրառելու վերաբերյալ որոշման համար հենց նույն միջնորդող կողմից ներկայացվում էր հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն, և հատկանշական է, որ 09.04.2018 թվականի գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նշված պրակտիկան ստացել է իրավական կարգավորում։

Ամփոփելով վերոգրյալը՝ դատավոր Ռուբեն Ափինյանը հայտնել է, որ փաստաբան Լուսինե Սահակյանի դիմումը գտնում է անհիմն, և դրանում հիմքեր չկան եզրահանգելու, որ դատավոր Ռ.Ափինյանն իրականացրել է գործողություններ, դրսևորել է վարքագիծ, որոնք վկայում են կողմնակալության, խտրականության դրսևորման մասին և կասկածի տակ են դնում դատավորի անաչառությունը, նպաստում են դատական իշխանության վարկաբեկմանը:

Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորն ընդունեց նշված գործով վարույթի ընթացքում թույլ տրված բացթողումները և դատավարական ժամկետների խախտումները՝ դրանք պատճառաբանելով իր և իր աշխատակազմի գերծանրաբեռնվածությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ակնհայտ են, քանի որ դրանց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ նման խախտումները վտանգում են դատավորի և դատարանի անկախությունը և անաչառությունը, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ստեղծել դատավորի կողմնակալ կամ խտրական վերաբերմունքի տպավորություն, ուստի դրանք անթույլատրելի են:

Բարձրագույն դատական խորհուրդը միաժամանակ արձանագրել է, որ դատավոր Ռուբեն Ափինյանը խախտումը կատարելու պահին չի ունեցել կարգապահական տույժ և դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել է նկատողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել