ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի հետ:
Այս մասին հայտնում են ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մանկավարժական համալսարանի մասնագետներ: Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը, շախմատի դասավանդման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումն ու դասավանդման արդյունավետության բարձրացումն է: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը «Շախմատ» առարկայի դասավանդման կողմանակից է, սակայն միաժամանակ, ծնողների կողմից բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Մասնավորապես, դժգոհություններ են հնչում առարկայի գնահատման և տնային առաջադրանքների բարդության վերաբերյալ:
Նախարարին ներկայացվել են մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքները: