Աղվերանում ձնահյուսի տակ մնացած օտարերկրացին մահացել է ՊՆ ուղղաթիռում. ԱԻՆ

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել է Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը:

Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել ոտքով:

Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմն արձանագրել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը:

Ժամը 16:25-ի սահմաններում քաղաքացու դին ՊՆ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան քաղաք, իսկ մյուս 4 լեռնագնացներին փրկարարներն ուղեկցել են «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել