Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնում է, որ ելույթ է ունեցել Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում. «Ունեցած իմ ելույթից ներկայացնեմ հիմնական ասելիքս.
Ցմահ դատապարտյալների հետ կհանդիպեմ իմ հերթական այցի ընթացքում: Կհանդիպեմ բոլոր դատապարտյալներին՝ անկախ նրանից՝ իրենք ինձ հետ հանդիպում ակնկալում են, թե ոչ ու անկախ նրանից՝ իրենք հացադուլի մեջ են, թե՝ ոչ:
Մենք 100 հազար բնակչի հաշվով չափազանց շատ ցմահ դատապարտյալ ունենք: Մարդիկ կան, որ 27 տարի ապրում են՝ խիստ ռեժիմով: Փոփոխություններ ենք անելու, որ ցմահ դատապարտյալները արժանանան ռեժիմի փոփոխության՝ իրենց վարքով, ընդհուպ՝ հասնեն բաց ռեժիմի և կարողանան գնալ արձակուրդ՝ մինչև 6 ամիս: Սրանով կհասկանանք, թե նրանք որքանո՞վ են ուղղվել, որքանո՞վ են հասարակական հարաբերություններն ընդունում:
ՔԿՀ-ից ազատ արձակված անձը երկու ամիս նպաստ կստանա. մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի անձը, որը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվում, երկու ամիս նպաստ ստանա, որպեսզի այդ ընթացքում նա կարողանա գտնել աշխատանք և ստիպված չլինի դիմել հանցագործության:
Դեռևս չկան վիճակագրական տվյալներ, սակայն մենք՝ բացի օրենքով նախատեսված մեր լիազորությունները կատարելուց, ջանքեր ենք գործադրել, որ համաներված անձանցով հետաքրքվեն ու զբաղվեն սոցիալական մարմինները, ՏԻՄ մարմինները:
Համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, որոնք մեկ անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել և կրկին հանցանք են կատարել:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը լավացել է։ Իմ այս համոզման համար հիմք են ծառայում իրավապաշտպանների, դատապարտյալների և նրանց հարազատների հայտարարությունները։ Քրեակատարողական հիմնարկներում պակասել է հանձնուքների թիվը, իսկ հացի որակը էապես բարելավվել է։ Ես անձամբ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, փորձում ուտելիքը և անձնական զրույցներ վարում կալանավորների հետ այս թեմայով ։
Վերանայում ենք հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են պատժի կրման հետ», -նշել է նա: